‘Հրապարակվել է Քադաֆիի հարցազրույցը՝ Սարկոզիի ընտրարշավը ֆինանսավորելու վերաբերյալ’

820

Ֆրանսիական France 3 TV-ն հրապարակել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի վերջին հարցազրույցներից մեկը, որում նա  հաստատել է, թե 2007 թ. նախագահական ընտրություններում Լիբիան ֆինանսավորել է Նիկոլա Սարկոզիի ընտրարշավը:

Քադաֆիի կողմից Սրկոզիի ընտրարշավը ֆինանսավորելու շուրջ սկանդալը ծագել էր 2012 թ. գարնանը, երբ ֆրանսիական Mediapart պարբերականը հրապարակել էր փաստաթղթեր, որոնցում նշվում էր, թե Լիբիայի վարչակարգը իբր 50 միլիոն եվրո է տրամադրել ֆրանսիացի քաղաքական գործչի ընտրարշավի կարիքները հոգալու համար: Սարկոզին այն ժամանակ դատի էր տվել պարբերականին՝ հրապարակումն անվանելով «մեծ կեղծիք»: Ներկայումս Ֆրանսիայում շարունակվում է այդ գործի դատաքննությունը:

Այս գիշեր ֆրանսիական France 3 TV-ն հրապարակել է Քադաֆիի 2011 թ. մարտի 16-ի (Ֆրանսիայի կողմից պաշտոնապես երկրի ղեկավար Ջամահիրիի դեմ պայքարող լիբիական ընդդիմության ճանաչումից մի քանի օր անց) հարցազրույցի ձայնագրությունը, որում Քադաֆին հայտարարում է, թե այն ժամանակ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի պաշտոնն զբաղեցնող Սարկոզին դիմել է իրեն՝ օգնության խնդրանքով: Ընդ որում՝ նա չի ճշտում, թե ինչ գումար է փոխանցել ֆրանսիացի քաղաքական գործչին: «Սարկոզին մտավոր հետամնաց է… Միայն իմ շնորհիվ է, որ նա դարձավ նախագահ… Մենք նրան միջոցներ հատկացրինք, ինչը նրան օգնեց հաղթել»,- Քադաֆիի խոսքերն է մեջբերել ֆրանսիական հեռուստատեսությունը: Փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ. Սիրիայի հարցով բանակցություններում ճեղքում չի լինի’
Հաջորդ հոդվածը‘«Էպոսագետը» հայտնել է իրեն ֆինանսավորողի անունը. Մամուլ’