‘Մագնուս Կառլսենը եւ իր հիպնոսը. Tata Steel Chess’

926

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess սուպերմրցաշարի 8-րդ տուրը փոփոխություն մտցրեց առաջատարների խմբում:

Հերթական հաղթանակը տարավ նորվեգացի Մագնուս Կառլսենը, այս անգամ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի նկատմամբ: Պարզապես ապշեցնում է այն հանգամանքը, թե ինչպես է Կառլսենը հասնում հաղթանակի: Թվում է, թե խաղատախտակի վրա բացարձակապես հավասար դիրք է, հաղթանակի որեւէ հնարավորություն չկա, այլ գրոսմայստերներ այսպիսի դիրքերում ոչ-ոքի են խաղում եւ շտապում մնացած օրը իրենց հայեցողությամբ անցկացնել:

Իսկ ահա Կառլսենը պատրաստ է հավասար դիրքում շարունակել 7-8 ժամ ինչ-որ ճեղքվածքներ փնտրել մրցակցի պաշտպանությունում եւ ի վերջո հասնում է իր նպատակին: Միգուցե մրցակիցները ուժասպառ են լինում, թուլացնում են զգոնությունը, կամ ընկնում Կառլսենի հիպնոսի տակ, բայց արդեն անձնատուր լինելուց հետո միայն զարմացած ուսերն են թոթվում, թե ինչպես պարտվեցին մի դիրքում, որը տասնյակ անգամ են խաղացել եւ հեշտությամբ առնվազն ոչ-ոքի արել: Այսպիսին է Կառլսենը. նրան չպարտվելու համար պետք է նույնիսկ 98-րդ քայլում չթուլացնել ուշադրությունը. հետեւում է անխուսափելի պատիժը: 

Այս հաղթանակից հետո Կառլսենը դարձավ մրցաշարի միանձնյա առաջատար` կես միավորով առաջ անցնելով Անանդից: Լեւոն Արոնյանը Հոու Յիֆանին հաղթելուց հետո արդեն 3-4-րդ տեղերն է բաժանում Նակամուրայի հետ: Ընդ որում, Արոնյանը արդեն խաղացել է մրցաշարի բոլոր ուժեղագույն շախմատիստների հետ, այնպես որ նա դեռեւս կարող է ավելի վեր բարձրանալ եւ նույնիսկ պայքարել չեմպիոնության համար:

8-րդ տուր. Մագնուս Կարլսեն — Սերգեյ Կարյակին`1:0,  Լեւոն Արոնյան — Հոու Յիֆան` 1:0, Ֆաբիանո Կարուանա — Էրվին Լ՛Ամի` 1:0, Վիշվանաթան Անանդ — Իվան Սոկոլով, Լյուկ վան Վելի -Հիկարու Նակամուրա,  Անիշ Գիրի — Վան Հաո, Պանտելա Հարիկրիշնա — Պետեր Լեկո` ոչ ոքի:

Մրցաշարային աղյուսակը 8-րդ տուրից  հետո
1. Մագնուս Կարլսեն – 6; 2. Վիշվանաթան Անանդ – 5,5; 3-4. Լեւոն Արոնյան, Հիկարու Նակամուրա – 5; 5-6. Սերգեյ Կարյակին, Պենտալա Հարիկրիշնա – 4,5; 7-8. Պետեր Լեկո, Ֆաբիանո Կարուանա – 4; 9-10. Վան Հաո, Լյուկ վան Վելի– 3,5; 11. Անիշ Գիրի – 3; 12-14. Էրվին Լ`Ամի, Հոու Յիֆան, Իվան Սոկոլով – 2,5:

Այսօր մրցաշարում հանգստյան օր է:

Նախորդ հոդվածը‘Ռիչարդ Կիրակոսյանը Վրաստանը ևս մարտահրավեր է համարում Հայաստանի արտաքին քաղաքականության համար ‘
Հաջորդ հոդվածը‘Բժեզինսկի. ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև կլինեն թե՛ համաձայնություններ և թե՛ տարաձայնություններ’