‘
Պետությունները պետք է իրենք որոշեն՝ արդյո՞ք անցյալ կիրակի ստեղծված՝ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային դաշինքը հանդիսանում է արաբական այդ պետության օրինական ներկայացուցիչը: Այս մասին երեկ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեն:
Ընդդիմադիր դաշինքի կենտրոնական գրասենյակը տեղակայվելու է Կահիրեում: Դաշինքի գլխավոր նպատակը միջազգային հանրության աջակցությունը ձեռք բերելն է՝ որպես «սիրիացի ժողովրդի օրինական ներկայացուցիչ»: Վերջին օրերին այն արդեն ճանաչվել է Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի, ինչպես նաև Ֆրանսիայի և Իտալիայի կողմից: Արաբական պետությունների լիգան խոստացել է «քաղաքական և ֆինանսական աջակցություն» ցուցաբերել դաշինքին:
Սիրիայի ընդդիմության դաշինքը ողջունել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, սակայն նա ընդգծել է, որ առայժմ պատրաստ չէ այն ճանաչել «որպես վտարանդի կառավարություն»:
‘