‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը սիրիացիներին կոչ է անում զենքը վայր դնել Ռամազանի ընթացքում’

631

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայի կառավարական զորքերին և ընդդիմությանը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները մուսուլմանների համար սրբազան Ռամազան ամսվա ընթացքում, այսօր հաղորդել է Reuters գործակալությունը: Պան Գի Մունը հիշեցրել է, որ մուսուլմանական օրացույցի համաձայն՝ Ռամազանը այն չորս ամիսներից մեկն է, երբ պետք է դադարեցնել հակամարտությունները: «Ուստի հանուն սիրիացի ժողովրդի՝ ես ուզում եմ Սիրիայի բոլոր կողմերին կոչ անել կատարել այդ կրոնական պարտավորությունը գոնե մեկ ամիս»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր հայտարարության մեջ: Նա նաև խոստովանել է, որ Սիրիայում հաստատուն խաղաղություն կարելի է ձեռք բերել միայն լուրջ բանակցությունների միջոցով, և իր կոչն անիրականանալի կարող է թվալ, սակայն ընդգծել է, որ սիրիացի ժողովուրդն իրավունք ունի զինադադար պահանջել նրանցից, ովքեր պնդում են, թե մարտնչում են հանուն իր շահերի: Պան Գի Մունը նաև կոչ է արել ազատ արձակել ձերբակալված խաղաղ բնակիչներին, հատկապես՝ կանանց ու երեխաներին:

Հիշեցնենք, որ կիրակի օրը սիրիական ընդդիմությունը երկրի նախագահ Բաշար Ասադին առաջարկել էր Ռամազանի ընթացքում դադարեցնել ռազմական գործողությունները Հոմս քաղաքում: Այդ առաջարկին սիրիայի իշխանությունների արձագանքի մասին ոչինչ չի հաղորդվել, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Ստամբուլում կայացավ ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության առաջին միջոցառումը’
Հաջորդ հոդվածը‘Ղրղզստանի հանրությունը կոչ է անում քաղաքական ապաստան տրամադրել Սնոուդենին’