‘Մայդանեկ համակենտրոնացման ճամբարից գողացել են կալանավորների կոշիկներ’

1113

Լեհաստանում նախկին համակենտրոնացման ճամբարից գողացել են Հոլոքոստի զոհերին պատկանող կոշիկներ: Ոստիկանության խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 18-20-ի միջակայքում, Լյուբլին քաղաքից ոչ հեռու՝ Մայդանեկ հուշահամալիրի տարածքում:

Սա գողության առաջին դեպքը չէ թանգարանի տարածքից. սրանից առաջ Մայդանեկից գողացել էին զոհերի մոխիրը և կալանավորի գլխարկ:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Մայդանեկ մահվան ճամբարի գազախցիկներում զոհվել է ավելի քան 78 հազար կալանավոր, այդ թվում՝ 60 հազար հրեա:

Ինչպես տեղեկացրել է թանգարանի ներկայացուցիչը, գողերը կտրել են այն կոնտեյների ցանցը, որում պահվում են համակենտրոնացման ճամբարի նախկին կալանավորների 56 հազար կոշիկներ: Նրա խոսքով՝ ցուցադրությունը նախատեսված էր հուշահամալիրի այցելուներին ներկայացնելու նացիստների հանցագործությունների մասշտաբները:

Թանգարանի ղեկավարությունը հայտարարել է, որ գողացված ցուցանմուշները պատմական մեծ արժեք ունեն:

2013 թ. Մայդանեկից գողացել էին հրեա կալանավորի պատկանող գլխարկ: Ավելի ուշ ՀԴԲ-ի օգնությամբ հաջողվել էր հայտնաբերել գողին, ով փորձել էր համացանցի միջոցով վաճառել գլխարկը: Իսկ 1989 թ. Մայդանեկի դիակիզարանից գողացված մոխիրն այդպես էլ չի հաջողվել հայտնաբերել:

Այս տարվա հոկտեմբերին Դահաուի նախկին համակենտրոնացման ճամբարից գողացել էին երկաթե դարպասը՝ Arbeit macht Frei մակագրությամբ՝ «Աշխատանքն ազատագրում է»: 2009 թ.նույնպիսի մետաղական երկտող գողացվել էր Լեհաստանի Օսվենցիմ հուշահամալիրից: Ավելի ուշ այն գտան երեք մասի սղոցված: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Կատէկավիա» ավիաընկերությունը մեկնաբանել է «սառած» ինքնաթիռի միջադեպը’
Հաջորդ հոդվածը‘Կոբզոնին զրկել են Պոլտավայի պատվավոր քաղաքացու կոչումից’