‘«Մարտի 1» հ/կ-ն պահանջում է բուհերից ետ կանչել պատմության դասագրքերը և հրապարակային ներողություն խնդրել ‘

1373

Մարտիմեկյան սպանդի ժամանակ զոհված քաղաքացիների հարազատների կողմից հիմնադրված «Մարտի 1» հասարակական կազմակերպությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի կողմից հրատարակված «Հայոց Պատմություն» դասագրքին: Հիշեցնենք, որ այդ դասագրքում լիովին խեղաթյուրվել էին 2008-ի նախագահական ընտրությունների եւ մարտիմեկյան սպանդի դրվագները:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«2012թ. ԵՊՀ երաշխավորությամբ լույս է տեսել «Հայոց պատմության» դասագիրքը, որտեղ ներառվել է նաև 2008 թ մարտիմեկյան դեպքերի նկարագրությունը: 
Կատարելով իշխանությունների պատվերը և հաճոյանալով գործող վարչախմբին՝ ԵՊՀ պատմաբանները դեպքերը ներկայացրել են միակողմանի և աղավաղված: Առանց որևէ փաստարկված ապացույցի գրքում անհիմն մեղադրանք է ներկայացված խաղաղ ցուցարարներին՝ նրանց ներկայացնելով որպես ջարդարարներ և թալանչիներ:
Չբավարարվելով այսքանով՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը և մյուս հեղինակները մեղադրել են նաև մարտի մեկի անմեղ զոհերին, գրելով, թե իբր  մարտի 1-ին երկուստեք հրաձգություն է տեղի ունեցել, որի ընթացքում զոհվել է տասը հոգի:
Պատմաբան կոչվող այս անձինք «պատմություն» են կերտել այն դեպքերի վերաբերյալ, որին ականատես է եղել ժողովրդի զգալի մասը, մեղադրել են զոհերին, որոնց սպանությունները բացահայտված չեն, և մարդասպանները իշխանությունների թողտվությամբ ազատ շրջում են հանրապետությունում:
Պատմությունը այս աստիճան պղծելով և հայ ժողովրդին հանցագործ ներկայացնելով՝ վերոնշյալ «մասնագետները» կատարել են այն մարդկանց պատվերը, ովքեր, լինելով իշխանության ղեկին, Մարտի մեկի սպանդի հեղինակներն ու գլխավոր պատասխանատուներն են: Փորձելով խուսափել պատասխանատվությունից՝ պատմաբանի «անուն» կրողները միտումնավոր շրջանցել են Մարտի մեկյան դեպքերին զինված ուժերի մասնակցության փաստը, որի նշման դեպքում կապացուցվեր, որ խաղաղ ցուցարարների գնդակահարության գնով Մարտի մեկին տեղի է ունեցել պետական հեղաշրջում, որի հիմնական իրականացնողն է եղել Հայոց Բանակը:
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ պահանջում ենք բուհերից ետ կանչել նշված պատմության դասագրքերը և հրապարակային ներողություն խնդրել Մարտի մեկի զոհերի անունը արատավորելու փորձ կատարելու համար»:

 

Նախորդ հոդվածը‘iPhone 5-ի վաճառքը Հայաստանում պաշտոնապես կմեկնարկի դեկտեմբերի 14-ին ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում հաշմանդամ երեխաների 65 տոկոսն աղքատության մեջ է ապրում ‘