‘Մեդվեդև.Դոկու Ումարովը ողջ է, քանի դեռ հակառակը չի ապացուցվել’

695

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը CNN-ին տված հարցազրույցում ակնարկել է, որ ռուսաստանյան իշխանությունների կարծիքով՝ հյուսիսկովկասյան ընդհատակի պարագլուխ Դոկու Ումարովը ողջ է: «Կարծում եմ՝ քանի դեռ այս կամ այն ահաբեկչի մահվան ապացույցներ չեն ներկայացվել ( չեմ ուզում ոչ մի անուն տալ), հատուկ ծառայությունները պետք է համարեն, որ նա ողջ է»,- ասել է Մեդվեդևը՝ պատասխանելով Ումարովի վերաբերյալ հարցին: Ռուսաստանի վարչապետի խոսքերը հակասում են Ումարովի մահվան վերաբերյալ անցյալ շաբաթ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի պնդմանը, երբ նա վկայակոչել էր դաշտային հրամանատարների խոսակցության ձայնագրությունն այդ մասին:

Նախկինում Ումարովն արդեն յոթ անգամ մեռած է հայտարարվել, սակայն այդ փաստը չի հաստատվել:

Ումարովի ճակատագիրը արևմտյան պետություններին անհանգստացնում է Սոչիի մոտալուտ Օլիմպիական խաղերի ֆոնին: 2013 թ. համացանցում էր հայտնվել նրա տեսաուղերձը, որում նա սպառնում էր խափանել Օլիմպիադան: Ահաբեկչական գործողությունների սպառնալիքներով հանդես է եկել նաև իրանական արմատական «Անսար-ալ-Սուննա» կազմակերպությունը: Օլիմպիադայի մասնակիցների վրա հարձակումներ գործելու սպառնալիքներով նամակներ են ստացել Գերմանիայի, Իտալիայի, Հունգարիայի և Սլովենիայի Ազգային օլիմպիական կոմիտեները: Չնայած այդ ամենին՝ Մեդվեդևը կարծում է, որ Սոչիում մարզիկներն ավելի մեծ սպառնալիքի տակ չեն լինի, քան եթե Օլիմպիադան անցկացվեր որևէ այլ երկրում, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պուտինը հաստատել է Պամֆիլովայի թեկնածությունը նոր օմբուդսմենի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘«Ռեգիոնալները» չեն կարողացել արտակարգ դրություն հայտարարելու համար ստորագրություններ հավաքել’