‘Մեզ մոտ պատասխանատվությունը հիմնականում կրում են նախագահի առջև, ոչ թե հանրության. Արթուր Սաքունց ‘

765

 Վրաստանը հետևողականորեն ցույց է տալիս, որ գնում է դեպի ժողովրդավարություն, նման պրոբլեմներ ունենալով հանդերձ՝ ժողովրդավարական մշակույթի նշույլներ արդեն կան: iLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով այն փաստին, որ Վրաստանում բանտային սկանդալի արդյունքում երկու նախարար հրաժարական տվեց:

«Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, անդրադառնալով Խալաֆյանի սպանությանը, մինչև դատաբժշկական փորձաքնությունների հրապարակումը, անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտելով՝ ասել էր, որ հնարավոր չէ ոստիկանությունում նման բաներ արվեն: Ես բազմիցս պահանջել էի նրա հրաժարականը», — ասաց Սաքունցը՝ հավելելով, որ մեզ մոտ այդ մշակույթը չկա, որ պաշտոնատար անձը ինքը հանրության առջև պատասխանատվություն ստանձնի ու իր ոչ պատշաճ աշխատանքի պատճառով հրաժարական տա:

Նշենք, որ 24-ամյա Վահան Խալաֆյանին 2010 թ. ապրիլին գողություն կատարելու մեղադրանքով բերել էին ոստիկանության բաժանմունք՝ հարցաքննության: Պաշտոնական վարկածով՝ նա Չարենցավանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի աշխատասենյակի պահարանից վերցրել էր խոհանոցային դանակն ու հարվածել իրեն` որովայնի մասում պատճառելով մարմնական վնասվածք, որից մահացել էր: Հարազատները պնդում են, որ Խալաֆյանին սպանել են:

«Մեզ մոտ պատասխանատվությունը հիմնականում կրում են նախագահի առջև, ոչ թե հանրության: Վրաստանում կա նաև որոշակի պատասխանատվություն հանրության առջև»,- ընդգծեց Սաքունցը:

Նրա համոզմամբ՝ Վրաստանի քրեակատարողական հիմնարկում զանգվածային բռնությունները, խոշտանգումները համարժեք ռեակցիա առաջացրին հասարակության մեջ, քանի որ հանրությունն ընկալում է դա որպես ակնհայտ մարտահրավեր իր նկատմամբ, և այդ դեպքերում ինքը համարժեք ռեակցիա է տալիս:

Հիշեցնենք, որ օրերս Վրաստանի ընդդիմադիր հեռուստաալիքները տարածել էին կադրեր, որոնցում երևում էր, թե ինչպես են իրավապահները խոշտանգումների ենթարկում բանտարկյալներին: Հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ պահանջելով պատժել մեղավորներին, ինչից հետո հրաժարական ներկայացրին պատժամիջոցների իրականացման և իրավական օժանդակության և ներքին գործերի նախարարները:

Նախորդ հոդվածը‘Ինչպես էր Արամ Մանուկյանը համոզում Իրաքի դեսպանին, որ անմիջապես չճանաչի ՀՀ անկախությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Գ. Ջհանգիրյան. Առկա բացասական երևույթները նսեմացնում են անկախության գաղափարը (տեսանյութեր)’