‘Գ. Ջհանգիրյան. Առկա բացասական երևույթները նսեմացնում են անկախության գաղափարը (տեսանյութեր)’

998

«Անկախության տոնը պետք է լինի ողջ ժողովրդինը, առաջին հանրապետությունը շատ կարճ գոյատևեց, իսկ երկրորդ հանրապետությունը մասն էր կազմում ԽՍՀՄ-ին՝ լինելով անազատ և վերջապես երրորդ հանրապետությունը ձևավորվեց որպես ինքնիշխան պետություն, որի հիմնադիրն է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Իսկ, ահա, այժմ հայության տոն համարվող անկախության օրը չի ծառայում իր էությանը, երկրում առկա են բացասական երևույթներ, որոնք նսեմացնում են անկախության գաղափարը»,-անկախության տոնին նվիրված՝ Երեւանի Սարյանի պուրակում այս պահին ընթացող հավաքին ասաց ՀԱԿ անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ կոչ անելով չհուսահատվել և շարունակել արդարության ու սահմանադրական իրավունքի վերականգման համար պայքարը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթում հակիրճ պատմական ակնարկ կատարեց.

«Կա տարածված կարծիք, որ Հայաստանին անկախությունը տրվել է որպես երկնքից իջած մի շնորհ, սակայն իրականում այդ անկախությունը ձեռք է բերվել մեծ գնով՝ կռիվ տալով անկախության համար և տալով շատ զոհեր»,- ասաց նա՝ հիշեցնելով Անկախության խորհուրդը ու դրա համար վճարած գինը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ շնորհավորելով բոլորի տոնը՝ մասնավորապես ասաց.

«Անկախության դժվարագույն գործընթացի նոր փուլ ենք մտել, այդ նոր փուլի պայքարն ու հաղթանակի վայելքը մեր ուսերին: Մենք ենք պարտավոր տեր կանգնել այդ անկախությանը: Հայաստանի անկախությունը քաղաքացի է, պայքարող քաղաքացի՝ կրակը ներսում, հույսը ներսում պայքարող քաղաքացի: Ով հոգնեց, ով խեղճացավ դավաճան է: Դեպի անկախություն, դեպի հաղթանակն ենք գնում, կեցցե՛ մեր անկախ Հայաստանը»:

Ինչպես Սարյանի պուրակից տեղեկացնում է iLur.am-ի թղթակիցը այժմ ելույթ է ունենում Հայաստանի հանրապետության հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Տեսանյութերը՝ Ա.Վեզիրյանի

Նախորդ հոդվածը‘Մեզ մոտ պատասխանատվությունը հիմնականում կրում են նախագահի առջև, ոչ թե հանրության. Արթուր Սաքունց ‘
Հաջորդ հոդվածը‘Փաշինյան. Կրկին կանգնած ենք ինքնիշխանություն ձեռք բերելու խնդրի առաջ (տեսանյութ)’