‘Մերկելն ու Օլանդը Մոսկվայից հեռացել են լուռ’

1347

Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները, Ուկրաինայի հարցով Ռուսաստանի նախագահի հետ ավելի քան հինգ ժամ բանակցելուց հետո, հեռացել են Մոսկվայից՝ առանց մամուլի համար որևէ հայտարարություն անելու: Պուտինի մամլո քարտուղարը հայտնել է, որ նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել ուկրաինական հակամարտության կարգավորման  «հնարավոր համատեղ փաստաթուղթ» կազմելու վերաբերյալ:

Բանակցություններն սկսվել են մոտավորապես երեկոյան ժամը յոթին, իսկ գիշերվա ժամը մեկին Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին տեղեկացրել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արդեն մեկնել են օդանավակայան:

Կողմերը պայմանավորվել են կիրակի օրը կապվել հեռախոսով և քննարկել այդ «հնարավոր փաստաթուղթը», ընդ որում՝ խոսակցությանը կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում բանակցություններն անվանել են «կառուցողական և բովանդակալից»: Մինչդեռ Վաշինգտոնը Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների հանդիպման նկատմամբ  թերահավատությամբ է արտահայտվել:

Կրեմլում ներկա լրագրողները հատկապես նշել են, որ Մերկելը, Օլանդը և Պուտինը բանակցություններն սկսել են առանց ավանդական արարողակարգային ձեռքսեղմումների ու ժպիտների: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Իրանում Հոլոքոստի թեմայով ծաղրանկարների մրցույթ է հայտարարվել’
Հաջորդ հոդվածը‘Առեւանգված Արտակ Խաչատրյանին գտնելու պահանջով նրա ընկերները հավաքվում են Կառավարության դիմաց’