‘Մյասնիկ Մալխասյան. Կուսակցություն ստեղծելու գաղափարը հնչեցվել է ժամանակին ‘

3048

ասում է ազատամարտիկ, ԱԺ նախկին պատգամավոր, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Մյասնիկ Մալխասյանը

 

Պարոն Մալխասյան, ինչպե՞ս եք գնահատում «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն ստեղծելու գաղափարը:

-Գաղափարը նորմալ եմ համարում, որովհետեւ արդեն հակասություններ կային, որտեղ առանձին կուսակցություններ, որոնք առանձնապես մեծ դերակատարություն չունեին, կամ անհատներ ոչ թե փորձում էին նպաստել Հայ ազգային կոնգրես դաշինքի գործունեությանը, այլ՝ ավելի շատ խանգարող գործունեություն էին ծավալում, եւ ինչ-որ տեղ նաեւ թույլ չէին տալիս Կոնգրեսի արդյունավետ գործունեությունը: Այո, կարծում եմ՝ գաղափարը հնչեցվել է ժամանակին, գուցե՝ նույնիսկ մի քիչ էլ ուշացած:

-Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է տա կուսակցություն ստեղծելը, ի՞նչ դերակատարություն այն կունենա քաղաքական դաշտում, որտեղ, գիտենք՝ արդեն իսկ բազմաթիվ կուսակցություններ կան:

-Կուսակցությունը, միասնական, կուռ կառուցվածք ունենալով՝ կշարունակի Հայ ազգային կոնգրես դաշինքի գործունեությունը, կլուծի իր առջեւ դրված նպատակները, քաղաքական դաշտում նոր քաղաքական մշակույթ կստեղծի, կնպաստի ազատ մրցակցությանը, որից կշահի ոչ միայն քաղաքական դաշտը, այլ նաեւ՝ մեր հասարակությունը, մեր ժողովուրդը:

-Հայաստանում կուսակցությունների գործունեության՝ որպես այդպիսին, մի կարծրատիպ կա, եւ գրեթե բոլորը, կարծեք՝ այդ ստանդարտով են գործում: Արդյո՞ք, ըստ ձեզ, Կոնգրես կուսակցությունը դուրս կլինի այդ կարծրատիպից՝ իր գործունեությամբ, իր ներքին ժողովրդավարությամբ, ինչպիսի՞ն եք տեսնում այդ նոր կուսակցությունը ներսից:

-Բոլոր կուսակցություններն էլ ունեն ինչ-որ ընդհանուր բաներ, սակայն, Կոնգրես կուսակցությունը, կարծում եմ, որ կտարբերվի ինչ-որ ձեւերով. նախ՝ շարունակելով պահպանել Հայ ազգային կոնգրես դաշինքում ձեռք բերած ավանդույթները, ուսումնասիրելով առաջավոր միջազգային փորձը եւ ներդնելով այն հայ քաղաքական կյանքում, հարստացնելով այն՝ կնպաստի քաղաքացիական հասարակության ձեւավորմանը: Այդ առումով Հայ ազգային կոնգրես շարժումը բավականին մեծ հաջողություններ ունի արձանագրած, կարծում եմ, որ այդ ձեռքբերումներով կուսակցությունը հարստացնելով ու դրանք պահպանելով՝ այն կնպատակաուղղի նոր ձեռքբերումների: (Այս ձեռքբերումներից էին այն քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք ծնունդ առան 2008 թվականի շարժման ընթացքում եւ դրանից հետո՝ բնապահպանական շարժումները, սոցիալական, մարդու իրավունքների հետ կապված, բանակի, լեզվի հետ կապված շարժումները եւ այլն): Եթե հետադարձ հայացք ձգենք՝ 2008-ից առաջ չկային նման շարժումներ, եւ բոլոր մտավորականները, մշակույթի գործիչները եթե միաբերան չէին փառաբանում իշխանություններին, ապա գոնե լռում էին:

-Պարոն Մալխասյան, բայց ձեր իսկ կողմից նշված կուսակցությունների ղեկավարներից ոմանք, կարծես՝ այնքան էլ ոգեւորված չեն կուսակցություն ստեղծելու գաղափարով, ոմանք նույնիսկ հայտարարում են, թե ամեն ինչ անելու են, որ պահպանեն, իրենց իսկ բնորոշմամբ՝ «Կոնգրես կոչվածը» եւ այլն: Ինչպե՞ս կմեկնաբանեիք նման արձագանքը, ինչո՞վ է այն պայմանավորված:

-Ինձ համար անհասկանալի է որոշ ընկերների պահվածքը, որոնք Կոնգրեսում՝ այն թեժ ժամանակահատվածում առանձնապես աչքի չեն ընկել ինչ-որ առանձնակի դերակատարությամբ,սակայն  այժմ շատ ակտիվ ու ագրեսիվ պայքար են ծավալում: Հատկապես ցավալի է այն ընկերների դերակատարումը, որոնք մեծ փորձությունների միջով անցած ու այսօր իրենց անցած ճանապարհը չարժեվորելով՝ ինչ-որ անհասկանալի կեցվածք են դրսեւորում: Հատկապես այդ ընկերների մասով կասեի, որ եթե չեն ափսոսում իրենց տառապանքի գնով ձեռք բերածը, կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որ այս մասում լռեին:

Իսկ գուցե մարդիկ կարծում են, որ շարժումն ավելի արդյունավե՞տ կարող է պայքարել, իսկ կուսակցությունը նեղացնում է պայքարելու հնարավորությունը: Թե՞, այնուամենայնիվ, ժամանակներն ու մարտահրավերները փոխվել են, եւ այսօր կուսակցությունով ավելի արդյունավետ կարելի է պայքարել:

-Գուցե ինչ-որ առումով եթե այդպես են մտածում, ճիշտ կլիներ, եթե նպաստեին ավելի ընդգրկուն շարժում ծավալելուն, ոչ թե քայլեր ձեռնարկեին, որոնք ամեն կերպ խոչընդոտեին շարժման ծավալմանը, ավելի ճիշտ՝ նրա նեղացմանը:

-Իսկ հարցի երկրորդ հատվա՞ծը:

-Ինչ խոսք, 2008-ից հետո բոլոր քաղաքական վերլուծաբանների, քաղաքագետների  վերլուծություններին եթե ուշադրություն դարձնեինք, ապա այս երկրորդ շարժումը՝ Հայ ազգային կոնգրես շարժումը, չպիտի այդքան երկար գոյատեւեր: Սակայն, Հայ ազգային կոնգրես շարժումը՝ ի դեմս իր առաջնորդի, կարողացավ՝ անցնելով մեծ փորձությունների միջով, ունենալով բազում կորուստներ՝ պահպանել շարժումը՝ իր մեջ ունենալով տարբեր գաղափարախոսություն կրող, երբեմն, իրարամերժ քաղաքական ուժերի՝ համախմբելով հասարակության ակտիվ քաղաքական ուժերը՝ բանտերից դուրս բերել շարժման ակտիվ այն անդամներին, որոնք ապօրինի ձերբակալվեցին այս իշխանությունների կողմից, մինչեւ վերջ հետամուտ լինել բացահայտելու մարտի մեկի ոճրագործության հետեւանքով գնդակահարված տասն անմեղ քաղաքացիների գործը, եւ բազում այլ խնդիրներ, որոնք ծառացած էին մեր հասարակության առաջ: Կարծում եմ՝ այս առումով առաջին պլանում շարժումը իր առջեւ ծառացած խնդիրները իրականացրել է, եւ այժմ ինչ-որ չափով կարելի է ընդունել, որ ժամանակային փոփոխության պայմաններում միգուցե ավելի ակտիվ, ճկուն  կարող է գործել կուսակցությունը: Համոզված եմ, որ քաղաքական կուսակցություն դառնալով հանդերձ՝ կպահպանվի նաեւ Հայ ազգային կոնգրեսի ավանդույթները՝ իր շարքերը համալրելով շարժման մասնակիցներով կամ ներգրավելով նոր անդամների: Համոզված եմ նաեւ, որ կուսակցության շուրջը կհամախմբվի համակիրների մի ստվար բանակ, որը կօժանդակի ու կաջակցի կուսակցության կայացմանը:

Քրիստինե Խանումյան

 

Նախորդ հոդվածը‘Փետրվարի 18-ին թանաքը չի՞ ցնդի (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Անդրիաս Ղուկասյանը հրաժարվեց հիվանդանոցային պայմաններում հետազոտություն անցնելուց’