‘Նախարար Աշոտյանն ի ցույց է դնում իր ցինիզմն ու տգիտությունը’

2056

Կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարում է, որ չեն պատրաստվում որևէ բան փոխել «Հայոց պատմության» վերջերս հրապարակված դասագրքում: Այս թեմայով արդեն տասնյակ հոդվածներ ցույց են տվել,  որ հիշյալ դասագրքում զուտ քաղաքական նկատառումներով կեղծված է 1988-ից ի վեր մինչև մեր օրերի պատմությունը։ Ենթադրվել է, որ դա արվել է նախագահականից իջեցված հատուկ հրահանգով, քանզի կատարված կեղծիքներն այլ բան չեն, քան իշխող քաղաքական ուժի համար քարոզչանյութ՝ իր այսօրվա քաղաքական հակառակորդ ուժի և գործիչների դեմ։ Հատկապես բուռն զայրույթ է առաջացրել 2008թ. մարտի 1-ին վերաբերող հատվածը, որում ներկայացված է, թե, իբր, այդ օրվա 10 սպանություններն արդյունք են այն բանի, որ ցուցարարների և ոստիկանության միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Այդ բանը հաստատող որևէ փաստ ու փաստարկ գոյություն չունի։ Այս հատվածի հեղինակն անգամ դժվարացավ ասել, թե ինչ աղբյուրի հիման վրա է նա արել այդ արձանագրումը։

Ահա, նախարար Ա. Աշոտյանը օգնության է գալիս դասագրքի հեղինակներին. «Կարծում եմ, որ առաջինը` որևէ մեկին իրավունք չի վերապահված փորձելու սահմանափակել այլոց ազատությունները, հատկապես` ակադեմիական ազատությունները։ Կա գիտնականների խումբը, որը ունի ինչ-որ մի կարծիք, այդ կարծիքը շարադրելու իրավունք իրենց հեղինակած դասագրքում»:

Դասագիրքը ոչ մի կապ չունի գիտնականների ակադեմիական ազատության հետ։ Ինչպես անհատ գիտնականը, այնպես էլ գիտնականների մի խումբ, անշուշտ, իրավունք ունի պատմական իրադարձությունների մասին ունենալ ուրիշներից տարբերվող կարծիք։ Գիտնականների ակադեմիական այս ազատությունը, սակայն, բացարձակ չէ. ոչ մեկը պարտադրված չէ կարդալ ակադեմիկան գիտնականի գրած հոդվածը կամ մենագրությունը։ Որպեսզի այն կարդան, արժևորեն, հանձնարարեն, հղեն, ուսումնասիրությունը պետք է գրված լինի անհրաժեշտ գիտական մակարդակով։ Եթե անմակարդակ է, կեղծիքներով լի ու անվստահելի՝ որևէ կերպ չի հիշատակվում, մոռացության է մատնվում ու այդ կերպ դուրս գալիս շրջանառությունից։ Այսինքն՝ «ակադեմիական ազատություն ունեցող գիտնականների» ազատությունը սահմանափակվում է ընթերցողի կողմից։

Այլ է դասագրքերի դեպքում։ Այստեղ ընթերցողը չի կարող դատավոր լինել։ Եւ հենց սա է պատճառը, որ դասագրքերը, ի տարբերություն ակադեմիական գիտական ուսումնասիրությունների, հաստատվում են պետական լիազոր մարմնի կողմից։ Դրանք չպետք է ակնհայտ կեղծիքներ պարունակեն ու տվյալ պահին իշխող ուժի ձեռքին լինեն գործիք՝ իր քաղաքական հակառակորդի դեմ։ Տվյալ դեպքում՝ տարեկան ավելի քան 20.000 ուսանող 2008թ. մարտի 1-ին վերաբերող հարցին պատասխանելիս պարտադրված է իմանալ ու ասել այն, ինչ գրված է դասագրքում, այն է՝ այդ օրը 10 մարդ զոհվել է փոխհրաձգության հետևանքով։ Այլ պատասխանը կհամարվի սխալ ու կգնահատվի անբավարար։ Ավելին՝ դասախոսներն էլ այս դեպքերը ներկայացնելիս պետք է առաջնորդվեն դասագրքով, եթե անգամ իրադարձություններին մասնակից են եղել, տեսել են, գիտեն ու համոզված են, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Այնպես որ, տվյալ դեպքում, երբ Ա.Աշոտյանը խոսում է դասագրքի հեղինակների «կարծիք ունենալու և այդ կարծիքը շարադրելու ակադեմիական ազատությունների և իրավունքի» մասին, ընդամենը հերթական անգամ ի ցույց է դնում իր ցինիզմն ու տգիտությունը։

Աշոտ Սարգսյան

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ տեղեկագիր. Հայտնաբերվել են ականանման առարկաներ’
Հաջորդ հոդվածը‘Չավի. Կասիլյասն իմ ընկերն է, բայց համաձայն չեմ նրա հետ’