‘Նամակ Սերժ Սարգսյանին եւ Բակո Սահակյանին. Գանձասարի սալիկապատումն անթույլատրելի է’

701

«Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիան» նամակ է հղել Սերժ Սարգսյանին եւ Բակո Սահակյանին` իր մտահոգությունները հայտնելով Գանձասարի վանական համալիրի սալիկապատման կապակցությամբ:

«Գանձասարի վանքային համալիրի պարիսպների ճակատների սալիկապատման աշխատանքները 2011թ.մասնագիտական եւ հանրային մեծ քննադատական ալիք բարձրացրին: Այնուհետեւ ՀՀ նախագահի աշխատակազմին կից հանրային խորհրդում, Արցախի համապատասխան իրավասու մարմիններում եւ մասնագիտական ու հասարակական կազմակերպություններում քննարկումների արդյունքում դադարեցվեցին: Հույս ունեինք, որ այս դադարի ընթացքում կկատարվեր սթափ եւ մասնագիտօրեն ճիշտ որոշում, սակայն կատարվեց ճիշտ հակառակը՝ 2012թ.աշխատանքները ֆինանսավորող բարերարը հավանաբար ստանալով այսօրվա որոշ իշխանավորների եւ հոգեւոր առաջնորդարանի հրահանգ-համաձայնությունները /առանց որի չէր կարող լինել/ շարունակում է վանքի պատմական պարսպապատերի սալիկապատման- պճնման աշխատանքները: Քանի որ երեւույթը եւ գործող անձինք նույնն են, ինչ 2011թ. ուստի ՀՀ Պատմական Հուշարձանները Վերականգնող Ճարտարապետների Ասոցիացիան իր տեսակետը խնդրին արտահայտում է կից ներկայացվող 2011թ. ընդունած որոշմամբ, ավելացնելով հետեւյալը. քանի որ հիշյալ հարցը նորից բարձրացվում է նման աղմկահարույց քննարկումներից հետո, ուստի այսօրվա որոշ իշխանավորների կողմից /մեզ համար ՀՀ եւ Արցախի իշխանությունները համարժեք են/ հաստատվում է մասնագետների կարծիքը ոչ միայն չհարգելու,այլեւ կարծես միտումնավոր դրան հակառակ գործելու սկզբունքը ընդ որում այս անգամ Ի ՀԱՇԻՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ եւ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ հուշարձանի, /ցավալիորեն հավանաբար որեւե կերպ աջակցություն ստանալով նաեւ հոգեւոր առաջնորդարանից/:

Վերոնշյալը համարելով նաեւ պետական-ազգային նշանակության հարց եւ այլ ճանապարհ չունենալով՝ Ասոցիացիան իր մասնագիտական եւ քաղաքացիական պարտքն է համարում դիմել ՀՀ եւ Արցախի նախագահներին՝ խնդրելով ներազդել հիշյալ գործընթացը օրինական եւ մասնագիտական դաշտ բերելու, հետեւաբար նաեւ բարերարի գումարները նպատակային օգտագործելու համար, քանի որ նման գործելակերպը պատմաճարտարապետական արժեքի հանդեպ պատվաբեր չէ ցանկացած պետության,/ նաեւ բարեգործության/ համար եւ ավելորդ բացասական վարկանիշ է ստեղծում մասնագիտական Հայկական եւ միջազգային շրջանակներում, հետեւաբար զրկելով նաեւ հուշարձանը համաշխարհային արժեքների ցանկում ներկայացնելու իրավունքից /նման կոպիտ միջամտությունները հակասում են եւ անթույլատրելի են հուշարձանների վերականգնման միջազգային ընդունված չափորոշիչներով/, իսկ այս փաստարկը հասկանալի պատճառներով Հայ գենոֆոնդի համար կարծում ենք գերխնդիրներից մեկը պետք է լինի, վերջին հաշվով սա լինելով վատ նախադեպ կարող է դառնալ նաեւ բացասական վարակիչ երեւույթ…կարծում ենք մենք ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ենք, ուստի բոլորս անկախ դիրքից, պաշտոնից, մասնագիտությունից եւ ունեցած կարողությունից, մեր կատարած քայլերով պատասխանատու ենք պետության գրված եւ չգրված օրենքների առաջ, հարգանք ու ակնածանք ունենալով ՍԵՓԱԿԱՆ ժողովրդի ստեղծած ազգային, առավել եւս համաշխարհային արժեքների հանդեպ:

Հուսով ենք Ձեր միջամտությամբ կատարվող աշխատանքները անհապաղ կդադարեցվեն եւ այս խնդիրը կստանա ճիշտ լուծում, որի հետագա մասնագիտական ընթացքի համար անհրաժեշտության դեպքում Ասոցիացիան պատրաստ է համագործակցության ցանկացած ձեւաչափով հանուն ԳԱՆՁԱՍԱՐԻ համալիրի, այլապես կատարված աշխատանքները ժամանակի քննությանը միեւնույն է չեն դիմակայելու եւ վաղ թե ուշ քանդվելու են,ափսոս են եւ գումարները, եւ ժամանակը, այն դեպքում երբ վանքի հիմնական կառույցները դրանց կարիքը խիստ զգում են», — ասվում է հայտարարության մեջ:

Ըստ News.am-ի

Նախորդ հոդվածը‘Հալեպում վիրավորված երկու հայերի վիճակը մտահոգիչ չէ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը Եվրամիությանը մեղադրում է դեմոկրատական ազատությունների սահմանափակման մեջ’