‘Նարեկ Սարգսյան. ԱԳՆ-ի շենքը կարող է դառնալ հյուրանոց ‘

1494

Ասուլիսի ընթացքում Նարեկ Սարգսյանը ներկայացրեց քաղաքապետարանի կայացրած որոշումը, համաձայն որի Երևանի բոլոր կիսակառույց շինությունների սեփականատերերը մեկ ամսվա ընթացքում պետք է շինարարության ժամկետների վերաբերյալ պայմանագիր կնքեն քաղաքապետարանի հետ:

Եթե կառուցապատողները մեկ ամսվա ընթացքում պատշաճ և բարեխիղճ պայմանագրեր չկնքեն՝ խնդիրը կտեղափոխվի իրավական դաշտ, և ՀՀ կառավարության կողմից կիսակառույց տարածքները կճանաչվեն գերակա շահ: Այդ շինություններից են՝ «Դվին» հյուրանոցը, «Հաղթանակ» այգու մոտ գտնվող կիսակառույց պարսպապատ շինությունը, նախկին «Սեւան» հյուրանոցի տարածքը, Աբովյան փողոցում գտնվող շինությունները, որոնք հարակից են Հյուսիսային պողոտային, հաղորդում է Civilnet.am-ը:

Արտաքին գործերի ու Կապի և տրանսպորտի նախարարությունների շենքերի մասին

Այս նախարարությունների շենքերը կարող են դառնալ հյուրանոցներ: Ես դա չեմ բացառում և գտնում եմ, որ հնարավոր է և նորմալ է:

Հյուսիսային պողոտայի մասին

Քաղաքապետարանը պլանավորում է գեղեցկացնել Հյուսիսային պողոտան: Որոշվել է փոխել հատակը, նստարանները, էլ ավելի կանաչապատել: Եղած փոքր ծառերի փոխարեն կդրվեն ավելի մեծ ծառեր: Եթե մեզ հաջողվի՝ աշխատանքները կմեկնարկեն արդեն հոկտեմբերին, իսկ եթե ոչ՝ գարնանը հաստատ կսկսենք և մոտ երեք ամսում կավարտենք:

Կրկեսի մասին

Կրկեսի շենքը բոլորն էին ուզում պահպանել, բայց աշխատանքների ընթացքում պարզ դարձավ, որ այն հնարավոր չէ պահպանել, ստիպված որոշում կայացվեց պայթեցնել շենքը: 
Քաղապետարանը չի կասկածում, որ շենքը ժամանակին կկառուցվի:

Փակ շուկայի մասին

«Փակ շուկան» խիստ հսկողության տակ է և´ Երևանի քաղաքապետարանի, և´ մշակույթի նախարարության կողմից, ու որևէ կասկած չպետք է լինի, որ շենքը կպահպանի իր նախնական տեսքը: Սեպտեմբերի 20-ին այս հարցը հավանաբար կքննարկվի նաև քաղաքապետարանի ճարտարապետության և շինարարական հանձնաժողովում:

Նանսենի այգու մասին

Տեղի բնակիչները դիմել էին Նանսենի այգում թանգարան կառուցողներին խնդրանքով, որ իրենց համար փոքրիկ եկեղեցի կառուցվի, քանի որ հարմար չէ ամեն անգամ Նորքի այլ զանգված գնալ: Կարծում ենք, որ թանգարանի հարևանությամբ փոքր զանգակատուն կկառուցվի:

Հանրապետության հրապարակի մետրոյի հարևանությամբ գտնվող այգու մասին

Մետրոյին հարող այգու վիճակն անբարեկարգ է, մի ժամանակ քննարկվում էր բարելավվել այգին և այն դարձնել Հայաստանի բարեկամների ծառուղի, բայց դեռ հստակ որոշում չկա:

ԱՈՔՍի շենքի մասին

ԱՈՔՍ-ի շենքի հետևում գտնվող կառույցի վրա վնասվածք չկա: Կա մի փոքր հատված, որը պետք է վերակառուցվի:

Աֆրիկյանների տան մասին

Համաձայն քաղաքի գլխավոր հատակագծի՝ Աֆրիկյանների շենքը պետք է տեղափոխվի, այն պետք է հետ գնա: Տերյան փողոցով եթե իջնենք ներքև, անցնելով Հյուսիսային պողոտան, այդ հատվածից փողոցը պետք է լայնանա, միանա Զաքյան փողոցին և ձգվի մինչև Ռուսաստանի դեսպանատուն: 
Կառավարությունն այդ շենքը տեղափոխելու որոշում կայացրել էր դեռ տասը տարի առաջ՝ «Հին Երևան» ծրագրով: Նախագիծը դեռ քննարկման փուլում է, երեք-չորս օրից պատրաստ կլինի:

Նախարարությունները քաղաքից դուրս տեղափոխելու մասին

Նման հարցադրումներ եղել են շատ-շատ: Քննարկվում էր մեկը տանել Լոռի, մյուսը՝ Աբովյան, Մշակույթի նախարարությունը՝ Գյումրի: Բայց մենք չունենք նման բաների փորձ, որը ցույց տա, թե մեր արածն արդյունավետ կլինի: 
Օրինակ՝ Ֆրանսիայում արվել է նման բան՝ ուսանողներին տեղափոխել են սովորելու քաղաքից դուրս, բայց փորձը ցույց է տվել, որ քաղաքների կենտրոնները զրկվում են երիտասարդներից: 
Մենք հստակ ապացույց չունենք, որ հինգ-յոթ նախարարություն տեղափոխելը կլինի խնդրի լուրջ լուծում:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնումը Հունգարիայի դիվանագիտության գերակայությունն է. Հունգարիայի ԱԳ նախարար’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են Սախարովի անվան մրցանակի հավակնորդների անունները’