‘Նոբելյան մրցանակի արժանացած վեպը պատկանում է համայն մարդկությանը ‘

1689

Գրականության Նոբելյան մրցանակակիր Մո Յանի «Գինու երկիր» վեպն այսօր հայտնվել է Սանկտ Պետերբուրգի գրախանութներում: Մինչ այդ Ռուսաստանում հրատարակվել են այս հեղինակի ընդամենը մի քանի պատմվածքներ: Գրքի վրա հետևյալ մակագրությունն է. «Նոբելյան մրցանակի գլխավոր հավակնորդ»: Պետերբուրգյան «Ամֆորա» հրատարակչության գլխավոր խմբագիր Վադիմ Նազարովի խոսքերով՝ Մո Յանի  մեկ այլ վեպ՝ «Մեծ կուրծք, լայն հետույք», լույս կտեսնի նոյեմբերին: Ի դեպ, Նազարովն արդեն ութերորդ անգամ ճիշտ է գուշակում գրականության Նոբելյան մրցանակակրի անունը: Այն հարցին, թե ով է լինելու հաջորդ դափնեկիրը, նա պատասխանել է, որ ամենահավանականը բրիտանացի գրող Սալման Ռուշդին է:

«Գինու երկիր» վեպի առաջին ռուսաստանյան հրատարակության նախաբանի հեղինակը 1994 թ. գրականության Նոբելյան մրցանակակիր, ճապոնացի գրող Կենձաբուրո Օեն է: ««Գինու երկիրը» բարոյախոսություն է, առակ, պատմական այլաբանություն և աբսուրդ գրականության գլուխգործոց՝ միասին վերցված: Միևնույն ժամանակ՝ սա ամենասուր և ամենավառ սատիրան է ժամանակակից չինական գրականության մեջ»: Սակայն խորապես փիլիսոփայական և քաղաքական համատեքստում այս վեպը, Օեի կարծիքով, ոչ միայն Չինաստանի մասին է և ոչ միայն չինական մշակույթին է պատկանում, այլև՝ համայն մարդկությանը:

Նախորդ հոդվածը‘Հայաստան — Իտալիա հանդիպմանը Բալոտելին չի մասնակցի’
Հաջորդ հոդվածը‘Արմավիրում հարցվածների 45,5%-ը ընտանիքի հիմնախնդիրների պատասխանատու է համարում կառավարությանը ‘