‘Նորվեգիայի օրենքները, հնարավոր է՝ փոխվեն’

765

Կալանավորների բարձրագույն կրթություն ստանալու մասին նորվեգական օրենքը, հնարավոր է՝ փոխվի: Դա թույլ կտա լուծել այն բարդ իրավիճակը, որն առաջացել է այն բանից հետո, երբ դատապարտված ահաբեկիչ Անդերս Բրեյվիքը փաստաթղթերը հանձնել է Օսլոյի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում ուսանելու համար: Այս մասին հայտարարել է երկրի կրթության նախարար Քրիստին Հալվորսենը: Նրա կարծիքով՝ գործող օրենքը չպետք է ավտոմատ կերպով տարածվի նորվեգական «թիվ մեկ կալանավորի» վրա: «Մենք դժվար կացության մեջ ենք, քանի որ գործ ունենք սերիական մարդասպանի հետ, որը երբեք չի վերադառնալու հասարակություն»,- նշել է նախարարը:

Օսլոյի համալսարանի ռեկտոր Ուլե Պետերի խոսքերով՝ ներկա դրությամբ բուհն իրավունք  չունի մերժել մի մարդու, ում թեկնածությունը բավարարում է բոլոր ձևական չափանիշները:

2011 թ. հուլիսի 22-ին Օսլոյում և Ուտյոյա կղզում Բրեյվիքի իրականացրած ահաբեկչության արդյունքում զոհվել է 77 մարդ, վիրավորվել 151-ը: Անցյալ տարի ահաբեկիչը դատապարտվեց 21 տարվա ազատազրկման: «Նորվեգական հրաձիգը» պահվում է բանտի մենախցում, որը բաղկացած է  երեք սենյակից՝ յուրաքանչյուրը 8 քմ: Այսինքն՝ նա ունի ննջարան, «աշխատասենյակ» և մարմնամարզության սենյակ՝ վազքուղով և ուժային մարզասարքերով: Օրվա ընթացքում նա կարող է մեկ ժամ անցկացնել ներքին բակում՝ միայնակ: Սակայն Բրեյվիքին թույլատրված է այցելուներ ընդունել՝ շաբաթը մեկ անգամ:: Այնուամենայնիվ՝ անցյալ տարվա հոկտեմբերին Բրեյվիքը գանգատ էր ներկայացրել իր պահման պայմանների առնչությամբ և նույնիսկ, չճշտված տվյալների համաձայն՝ հացադուլ էր հայտարարել, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Սրանք են պատմական փաստերն ու փաստաթղթերը’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Հայաստանում հրատարակչական գործի զարգացման հեռանկարները’