‘
Արդեն մի քանի օր է, ինչ կենդանիների սիրո և նվիրվածության մասին պատմող այս տեսահոլովակը համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում է:
Պերմ քաղաքի ավտոմայրուղու հարևանությամբ անհայտ ցեղատեսակի մի մեծ շուն անդադար հսկում է մեկ ուրիշ շան անշունչ մարմինը: Փողոցային կենդանին օրուգիշեր սպասում է, թե երբ պիտի ավտոմեքենայի անիվների տակ զոհված իր «ընկերուհին» վերջապես արթնանա:
Ականատեսների վկայությամբ՝ շունը վթարի է ենթարկվել ավտոճանապարհը հատելիս, որից հետո «ընկերը» նրան քարշ տալով հանել է երթևեկելի հատվածից:
Բնակիչները փորձել են հուղարկավորել զոհված կենդանուն և կերակրել նրա կողքից չհեռացող շանը, սակայն ապարդյուն: Նա հրաժարվում է սննդից և ոչ ոքի մոտ չի թողնում իր սիրելիին:
Ավտոճանապարհով դպրոց գնացող երեխաները օրեր շարունակ արցունքն աչքերին են տուն վերադառնում:
‘