‘Ովքե՞ր են խաբել տաքսու վարորդներին ‘

696

Գյումրեցի տաքսիստները այսօր բողոքի հերթական ակցիան են կազմակերպել՝ Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում: Նրանց դարձյալ ոտքի է հանել քաղաքում ճանապարհային ոստիկանների եւ տեսուչների կողմից իրականացվող հատուկ ստուգայցերը, որոնց ժամանակ դարձյալ մի քանիսը տուգանվել են: Տաքսիսիտները galatv.am-ի հետ զրույցում նշել են, թե վերջին օրերին ստուգայցերը Գյումրիում պարբերական բնույթ են կրել՝ չնայած մարզային իշխանությունների կողմից տրված այն վստահեցումներին, որ վարորդներին կանգնեցնողներ այլեւս չեն լինելու, եւ որ գյումրեցի տաքսիստները աշխատելու են առանց այս կամ այն վճարումների: Սակայն հերթական անգամ վարորդներին տուգանել են դեղին պետհամարանիշ եւ լիցենզիա չունենալու համար:

 «Եկան, կանգնեցրին սկզբից ասին, թե ուղղակի փաստաթղթեր են ստուգում, տվեցի նայեցին: Հետո մի մարդ իջավ քաղաքացիական հագուստով, վերցրեց գրեց, որ ես տուգանված եմ  ու զգուշացրեց, որ փողը մուծես՝ խնդիր չես ունենա, մի տարի կքշես հանգիստ: Ինձ պես շատերին դրել տուգանել են»,- մեր լրագրողի հետ զրույցում ասել է տուգանված վարորդներից՝ Հարություն Պապոյանը:

 Վճարումներ կատարել վարորդները չեն պատրաստվում եւ նշում են, թե հստակ պատասխան են պահանջում խնդրով զբաղվող կառույցներից, թե ի վերջո ինչպե՞ս է լուծվելու այս հարցը. «Թող աշխատանք տան, հենց հիմա  տաքսին իրանց տամ էրթամ աշխատիմ: Ես ինչ եկամուտ կստանամ, որ տանիմ 20 հազար դրամ մուծեմ, ես ինֆարկտ տարած մարդ՝ ելել եմ դեղի փող աշխատիմ իմ համար , մի՞թե դա չեն հասկանում, ինչպե՞ս մուծեմ էդ գումարը», — նշել է բողոքող վարորդներից մեկը: 

Վարորդները վաղն էլ հավաքվելու են, դարձյալ Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում: 

«Հատ-հատ բոլոր կառույցները գնալու ենք, պահանջելու ենք կոնկրետ փաստաթղթով հիմնավորում տալ՝ ինչպես է լուծվելու մեր խնդիրը, թե չէ մարզպետը կկանգնի կհայտարարե՝ գնացեք ես ձեր կողմից եմ , ձեր խաթրին կպնող չի էղնի, ու կխաբեն  մեզի, էն մյուսն ուրիշ բան կսե: Վաղվանից մենք կոնկրետ պատասխան ենք պահանջելու՝ ինչպե՞ս է լուծվելու էս հարցը, ո՞վ է լուծողը, մի բան միանշանակ է՝ մենք պետությանը հարկ չունենք տալու»,-նշել են տաքսիստները: 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինական ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել Յանուկովիչին ‘
Հաջորդ հոդվածը‘«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունն օգնում է նաև Հայաստան տեղափոխված սիրիահայերին ‘