‘Որպես նախագահի պոտենցիալ թեկնածու՝ ԶԼՄ-ներում ամենից հաճախ հիշատակվում է Սերժ Սարգսյանի անունը’

710

Ընդհանուր առմամբ՝ 33 քաղաքացիներ 9 լրատվամիջոցներում հիշատակվել են որպես նախագահի պոտենցիալ թեկնածուներ, և բոլորից հաճախ, որպես թեկնածու, նշվել է Սերժ Սարգսյանի անունը: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ ներկաայացնելով Հայաստանում հեռարձակվող ԶԼՄ-ների մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը (2012թ. հոկտեմբերի 1- նոյեմբերի 20): Սերժ Սարգսյանի անունը հիշատակվել է 207 անգամ: 36 հիշատակումների դեպքում աջակցել են նրա թեկնածությանը, և միայն մեկ հիշատակման դեպք է գրանցվել, երբ Սերժ Սարգսյանի թեկնածությանը չեն աջակցել:

«Դա հասկանալի է, որովհետև դա միակ թեկնածուն է, որը, հստակ է, որ լինելու է թեկնածուների շարքում: Երկրորդը հիշատակումների քանակով Րաֆֆի Հովհաննիսյանն է, ինքն էլ, քիչ թե շատ հստակ՝ իր պլանների մասին ասում է: Հետաքրքիր է, որ այս երկու թեկնածուներն ունեն դրական և բացասական հիշատակումների ակնհայտ դրական բալանս: Իրենց աջակցումը տարբեր լրատվամիջոցների կողմից, որպես ցանկալի թեկնածուներ, ավելի հաճախ է, քան մնացածներինը»,- ասաց Նավասարդյանը:

Դիտարկման են ենթարկվել Հայաստանի հանրային հեռուստաընկերության Առաջին ալիք, «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Հայկական երկրորդ հեռուստաալիք», «Շանթ», «Արմնյուզ» հեռուստաընկերությունները, ինչպես նաև Հայաստանի հանրային ռադիոն, «Արմռադիո FM 107»-ը: Այս տարի ցանկից դուրս է մնացել «Շողակաթը», քանի որ, ինչպես նշեց Բորիս Նավասարդյանը, այն հավատարիմ է իր հոգևոր-մշակութային ուղղվածությանը:

Նրա խոսքով՝ որպես պոտենցիալ թեկնածու՝ նշվում է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը, որին հաջորդում է «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իսկ ամենահաճախը հիշատակվող պոտենցիալ թեկնածուների հնգյակը եզրափակում է Վարդան Օսկանյանը: Նավասարդյանը նշում է, որ նոյեմբերին Օսկանյանի անվան հիշատակումներն ավելի քիչ են դարձել: Նա դա պայմանավորում է նրանով, որ Օսկանյանի նկատմամբ հարուցված քրգործի մասին աղմուկը փոքր-ինչ մարել է:

«Րաֆֆի Հովհաննիսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի անուններն ավելի հաճախ է հիշատակվում նոյեմբերին, քան Գագիկ Ծառուկյանինն ու Վարդան Օսկանյանինը: Լևոն Տեր-Պետրոսյանը միակ պոտենցիալ թեկնածուն է, ում նկատմամբ աջակցության որևէ դեպք չենք գրանցել: Ունենք 9 նյութ, երբ բացասական վերաբերմունք է արտահայտվել իր թեկնածության նկատմամամբ: Ռոբերտ Քոչարյանին ոչ աջակցում են, ոչ էլ չեն աջակցում»,- ասաց Նավասարդյանը:

Նրա կարծիքով՝ այս նախընտրական շրջանը հատկանշական է նրանով, որ շատ քիչ է բովանդակային բանավեճը, ու միայն «Երկիր մեդիան» ու «Արմռադիոն» են փորձում բովանդակային իմաստ հաղորդել այս ընտարշավին:

Նախորդ հոդվածը‘Օզբիլիսի ինքնագոլը, Պիցելիի գոլը եւ Բերեզովսկու անգործության հետեւանքները’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» կրկնեց «Ռեալի» ռեկորդը’