‘Ուկրաինական ընդդիմության առաջնորդները պատրաստ են պայքարել մինչև վերջ’

823

Այսօր առավոտյան Կիևի Գրուշևսկի փողոցում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ցուցարարները ակտիվ գործողությունների չեն դիմում, միայն ժամանակ առ ժամանակ նրանցից ոմանք քարեր են շպրտում իրավապահների ուղղությամբ, «Բերկուտը» պատասխանում է ձայնային նռնակներ արձակելով:

Ուկրաինական ընդդիմության առաջնորդները, որոնց  հասցեին անվճռականության մեղադրանքներ են հնչում, երեկ, մի քանի ցուցարարների զոհվելուց հետո, հայտարարել են, որ բոլորի հետ միասին կգնան «կրակին ընդառաջ», եթե նախագահ Յանուկովիչն անհապաղ զիջումների չգնա: «Ես այստեղ եմ, յուրաքանչյուրիդ կողքին: Պետք լինի կանգնել՝ ես կլինեմ ձեր կողքին… Ես ամեն ինչ կանեմ: Եթե պետք լինի գնդակների տակ մտնել, ես դա կանեմ»,- Մայդանում հերթական «ժողովրդական վեչեի» ժամանակ հայտարարել է УДАР կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն: Նա առաջին անգամ Մայդանում ռուսերեն է ելույթ ունեցել՝ նշելով, որ իշխանությունը փորձում է Ուկրաինայի քաղաքացիներին պառակտել լեզվական կամ աշխարհագրական հատկանիշներով, սակայն քաղաքացիները հրաշալի են հասկանում միմյանց:

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը Մայդանի ամբիոնից պահանջել է, որ նախագահը կատարի ընդդիմության պահանջներն առաջիկա օրվա ընթացքում: «Կյանքեր խնայելու համար մեզ մնացել է 24 ժամ: Ես անարժանապատիվ ապրել չեմ ուզում: Վաղը գնում ենք առաջ: Գնդակ կստանանք ճակատներիս՝ թող այդպես լինի»,- հայտարարել է Յացենյուկը: Ըստ նրա՝ 24 ժամվա ընթացքում նախագահը պետք է ցրի կառավարությունը և հրաժարական տա՝ հայտարարելով արտահերթ ընտրություններ:

Երեկ, ցուցարարների սպանությունից հետո, Յանուկովիչը բանակցությունների էր նստել Կլիչկոյի, Յացենյուկի և Տյագնիբոկի հետ: Սակայն այդ հանդիպումից ընդդիմադիրները գոհ չէին մնացել: «Իշխանությունը խուլ է»,- ասել էր Կլիչկոն և հավելել, որ «ցանկացած  մեկ այլ պետությունում, որտեղ իրավապահ մարմինները գնդակահարեին ցուցարարներին, կառավարությունը և նախագահը հրաժարական կտային»:

Այսօր ընդդիմության առաջնորդները կրկին հանդիպելու են նախագահին, սակայն առանձնապես հույսեր չեն կապում բանակցությունների հետ, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Շիրակի մարզում, Արագածում, Ապարանում և Թալինում առկա են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայի դատարանը որոշել է «Նաիրիտից» բռնագանձել 107,95 մլն դոլար ‘