‘Ուորլիք. Ղարաբաղյան հակամարտության կողմերն իրոք ցանկանում են հաղթահարել փակուղային իրավիճակը’

653

Վիեննայում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի, ու Կիեւում արտգործնախարարների վերջին բանակցությունները ցույց տվեցին, որ կողմերն իրոք ցանկանում են հաղթահարել առկա փակուղային իրավիճակը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԱՊԱ-ին: «Ինձ համար հաճելի էր, որ Կիևի վերջին հանդիպումը նախարարների համար դարձավ նուրբ ու բարդ հարցեր քննարկելու հնարավորություն` առաջընթացի ճանապարհ գտնելու նպատակով: Առաջիկա շաբաթներին նրանց հետագա բարձր մակարդակի փոխգործակցությունն այդ հակամարտությունը խաղաղ ու արդար կերպով կարգավորելու իրական հնարավորություն է ստեղծում, թեև հարկ է նշել, որ առաջընթացը պահանջում է ամենաբարձր մակարդակի քաղաքական կամք: Անցած շաբաթ նախարարները պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը`արդեն ձեռք բերվածի հիման վրա: Միեւնույն ժամանակ, բոլոր կողմերը բաց են հաստատուն կարգավորման հասնելու ուղիներ դիտարկելու համար: Մենք այսուհետ եւս աջակցելու ենք այդ բանակցություններին»,- ասել է դիվանագետը:

Ուորլիքը շնորհակալություն է հայտնել ուկրաինական կողմին` ԵԱՀԿ  արդյունավետ նախագահության համար: Նա նաև հայտարարել է, թե սպասում է Շվեյցարիայի հետ համատեղ աշխատանքին, որը 2014 թվականին կստանձնի ԵԱՀԿ նախագահությունը: Ամերիկացի համանախագահը նշել է, որ  Մինսկի խումբը մնում է կարգավորմանն աջակցող ձեւաչափ, այդուհանդերձ, Շվեյցարիան ունի հակամարտությունների կարգավորման պատմական փորձ, եւ նրա ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանի խնդիրների լուծման գործում կարելի է միայն ողջունել:

Նախորդ հոդվածը‘ՀՅԴ, Կոնգրես, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցություններն անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ են հավաքել ՍԴ դիմելու համար’
Հաջորդ հոդվածը‘Նախարար. ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը պատրաստ է’