‘Պատերազմ է սրտներն ուզում, հասկանում ես…’

2052

Ինքնախաբեությամբ չզբաղվենք և զուր պատրանքներ չփայփայենք՝
Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք:
Ոչ ոք մեր փոխարեն չի լուծելու առկա կնճիռը: Մենք ենք լուծելու, և լուծելու ենք մեր ուժերի ներածի չափով:
Մեր միակ դաշնակիցը արկածախնդրության մերժումն է:

Լևոն Տեր-Պետրոսյան

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն

 

Սուտը, կեղծիքը, ագահությունն ու արկածախնդրությունն այս վարչակազմի դեպքում այլևս ոչ թե կոնկրետ պահին կոնկրետ նպատակներ հետապնդող գործիքակազմ է, այլ անշփոթելի էություն: Ցանկացած պարագայում և ուզածդ դաշտում՝ տնտեսություն, թե քաղաքականություն, սրանց հաշվարկներում իրական շահառուն ոչ թե բուն սուբյեկտն է, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն ու նրա քաղաքացին, այլ իրե՛նք:

Ավելին՝ վարվող քաղաքականության արդյունքում աստիճանաբար ավելի ու ավելի է ամրապնդվում այն մռայլ տպավորությունը, թե սրանք չեն խորշի նույնիսկ Ալիևի հետ միասի՛ն սահմանի վրա մի խոշոր քյանդրբազություն մոգոնելու նախաձեռնողական ծրագրից, միայն թե երկուստեք հաջողեն հնարավորինս երկարաձգել իրենց ողորմելի գոյությունը:

…Հակառակ պարագայում՝ ինչո՞ւ պիտի սեփական ձեռնասուն լրատվամիջոցներում օրնիբուն խոսեին ղարաբաղյան պատերազմի վերսկսման հնարավորությունից, այն էլ, իբր, Ռուսաստանի կողմից նախապատրաստվող…

Չէ՛, ես հասկանում եմ, իհարկե, որ սա չափազանց նուրբ թեմա է: Մանավանդ՝  անտանելի դարձող արտագաղթի, աղքատության, բոլոր այլընտրանքների վերացման, իսկ որ ամենակարևորն է՝ նախկին ազամարտիկներին հնարավորինս ստորացնելու՝ վարված քաղաքականության ֆոնի վրա:

Բայց լռե՛լն էլ սխալ է:

Որովհետև ոմանք, արդեն իրենք իրենց կորցրած՝ խոսում են հնարավոր պատերազմում հայերի հերթական, իսկ որ ավելի ճիշտ է՝ առաջադեմ աշխարհի դրոշի  ներքո կայանալիք հաղթանակի վերաբերյալ:

Իբր, ճիշտ է՝ այդ հաղթանակը կփորձեն կասեցնել Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան, բայց Արևուտքը կօգնի՛ մեզ, որովհետև խնդիր կա, մի կողմից՝ սահմանափակել Թուրքիային, մյուս կողմից՝ Ռուսաստանին ու նրա կողմից զինվող Ադրբեջանին: Միայն թե Իրան-Վաշինգթոն համաձայնությունը գլուխ գա, կամ, ինչպես մեկ այլ իմաստուն էր նկատել՝ գաղութարար Ռուսաստանի զորքերի փոխարեն՝ Արևմուտքի խաղաղարար ուժերն այս տարածաշրջան գան…

Չես էլ հասկանում, այսինքն, անմեղսունա՞կ են , թե՞ վերջնականապես կողմնորոշված ազդեցության գործակալ:

Կամ՝ հարցրե՞լ են Իրանին. ինչպիսի համաձայնության էլ այստեղ գան Վաշինգթոնի հետ, կհամաձայնե՞ն, արդյոք, այդ երկրում ջերմ ընդունելություն ցույց տալ, օրինակ, ՆԱՏՕ-ի զինվորներին:

Ենթադրենք՝ համաձայնեցինք, սրանք բոլորն էլ, թեպետ շատ կասկածում եմ, սեփական զավակների հետ միասին ռազմի դաշտում սխրանքներ գործեցին: Դրա հաղթանա՞կը որն է, եթե ինչպես ժամանակին դեռ Տիգրան Հայրապետյանն էր նկատել՝ սույն հանճարեղ ձեռնարկի արդյունքում վերջնականապե՛ս ենք կտրվելու Ղարաբաղից՝ հարավում պաշտոնական Երևանի լիազորություններն ընդամենը Եղեգնաձորում ավարտելով…

Չե՞ն հասկանում, թե՞ շահագրգիռ են:

Եթե երկրորդը՝ սրանց շատ արագ է պետք բացահայտել, քանի դեռ իսկապես էլ մի քյանդրբազություն չեն մոգոնել այս ժողովրդի գլխին: Եթե առաջինը, էլի՛ պիտի սրանցով զբաղվել, նույնիսկ եթե որպես անմեղության վարկած՝  ռուսական  առանձին շրջանակների տեսակետներն են բարձրաձայնում, դրան, իբր, արժանի «հակահարված տալով»…

Իսկ եթե ավելի լուրջ՝ հարկավոր է խնդրին իսկապես էլ փաթեթային լուծում տալ: Իշխանափոխության եղանակով, իհարկե: Ղարաբաղյան հակամարտությու՛նը նկատի չունեինք:

Այս ժողովուրդն, ի վերջո, դատապարտված չէ դժբախտության և կամ՝ մշտական ազատամարտի: Ասես՝ իր բոլոր խնդիրներն իսկապես էլ անլուծելի են առանց զենքի, երկիրն էլ՝ ոտքի մշտական կոխան…

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը‘Անհայտ անձինք Ուկրաինայում տապալել են Լենինի հուշարձանը’
Հաջորդ հոդվածը‘Լ.Զուրաբյանն առաջարկում է Հայաստանում եւ Ուկրաինայում ցուցարարների սպանության հարցով համազեկուցող նշանակել ‘