‘Լ.Զուրաբյանն առաջարկում է Հայաստանում եւ Ուկրաինայում ցուցարարների սպանության հարցով համազեկուցող նշանակել ‘

1793

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանի ելույթը Ստրասբուրգում՝ «Ուկրաինայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» թեմայով քննարկման ժամանակ:

«Ուկրաինայում այս ճգնաժամով զբաղվելիս ԵԽ-ն պետք է այնպիսի արձագանք ցուցաբերի,  որը կօգնի ամրապնդել ժողովրդավարությունն ու հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, եւ ոչ թե ավելի կխորացնի հակամարտությունը: Դրա համար մենք, նախեւառաջ,  պետք է պարզ դարձնենք, որ աշխարհաքաղաքական կողմնորոշման վերաբերյալ իրենց հակասող տեսակետների առումով այս հակամարտության մեջ որեւէ կողմ չենք բռնում:

Երկու կողմերն իրենց տեսակետը պաշտպանելուհամար ունեն ծանրակշիռ փաստարկներ, եւ քանի դեռ քաղաքական երկխոսությունն ընթանում էր Ուկրաինայի Սահմանադրության շրջանակներում, միջազգային, այդ թվում՝ եւ ԵԽ-ի կողմից միջամտության համար որեւէ հիմք չկար: Նման բախտորոշ որոշում կայացնելու իրավունք ունեն բացառապես ուկրաինական ժողովուրդն ու նրա կողմից ընտրված իշխանությունները, իսկ վերջիններիս որոշումները պետք է հիմնված լինեն հասարակության շրջանում թափանցիկ քննարկումների եւ լայն կոնսենսուսի սկզբունքի վրա: Բացի այդ, Ուկրաինան, ԵՄ-ն եւ Ռուսաստանը պետք է աշխատեն միասին, որ Ուկրաինան Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ աշխարհաքաղաքական բախումների մարտադաշտ չդառնա, այլ մի վայր, որտեղ նրանք կարող են համաձայնեցնել իրենց շահերն ու համագործակցել: Հակառակ պարագայում Ուկրաինայի, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ արդեն առանց այդ էլ  լարված հարաբերությունների համար հետեւանքներն աղետալի կլինեն: Միեւնույն ժամանակ, ԵԽ-ն պետք է վճռականորեն միջամտի, եթե ոտնահարվում են մարդու իրավունքները եւ ժողովրդավարական արժեքները: Հավաքների եւ խոսքի ազատության դեմ ոտնձգությունները, ցուցարարների դեմ ուժի անհամաչափ կիրառումը, խոշտանգումները, ռեպրեսիվ օրենքների ընդունումը չեն կարող հանդուրժվել, ուստի  եւ այս առումով ես լիովին սատարում եմ ներկայացված բանաձեւը: Ես կցանկանայի ԵԽԽՎ ուշադրությունը հրավիրել ցուցարարների դեմ մահաբեր ուժ կիրառելու փաստերի վրա: Ցուցարարների սպանությունը ծանրագույն հանցագործություն է եւ ոտնձգություն քաղաքացու՝ կյանքի եւ հավաքների ազատության հիմնարար իրավունքների դեմ: Արյունահեղությունը անհաղթահարելի ճեղքվածքներ է առաջացնում հասարակությունում. որեւէ հաշտություն հնարավոր չէ, եթե  քրեական պատասխանատվության ու պատժի չեն ենթարկում այն անձինք, ովքեր հրամայել, կազմակերպել ու իրականացրել են այդ ոճրագործությունը: 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում տասը մարդ սպանվեց, եւ 200-ը վիրավորվեց, երբ իշխանությունները մահաբեր զենք կիրառեցին ցուցարարների դեմ: Այդ ժամանակվանից  ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, եւ իշխանությունները արեցին ամեն բան, որպեսզի կոծկեն այդ սպանությունները: Եթե ԵԽ-ն ավելի հետեւողական ու վճռական լիներ՝սպանությունները բացահայտելու ու մեղավորներին պատժելու հարցում, Հայաստանի իշխանությունների վրա ճնշումներ գործադրելու իր ջանքերում, մենք այսօր կապրեինք այլ Եվրոպայում, որը ավելի ապահովագրված կլիներ սեփական ժողովրդի վրա կրակելու պատրաստ կառավարություններից: Մենք դեռ հնարավորություն ունենք այդ ուղղությամբ գործելու, եւ ես առաջարկում եմ Մոնիթորինգի հանձնաժողովին զեկույց պատրաստելու համար զեկուցող նշանակել, որը կուսումնասիրի ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժ կիրառելու դեպքերը Հայաստանում եւ Ուկրաինայում, կմշակի նման դեպքերում միջազգային անկախ հետաքննություն իրականացնելու արդյունավետ մեխանիզմներ, ինչպես նաեւ օրենսդրական երաշխիքներ կառաջարկի՝ ապագայում ցուցարարների դեմ մահաբեր ուժի կիրառումը կանխելու նպատակով»: 

Նախորդ հոդվածը‘Պատերազմ է սրտներն ուզում, հասկանում ես…’
Հաջորդ հոդվածը‘Շավարշ Քոչարյան. Ռուսաստանը հիացած է Հայաստանի տեմպերով’