Օսթինը չի հավատում միջուկային հակամարտության հնարավորությանը

460

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, թե չի հավատում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով միջուկային հակամարտության հնարավորությանը։

Համապատասխան հայտարարությունը նա արել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է երեկ։

«Ես դրան չեմ հավատում»,- հայտարարել է Օսթինը՝ պատասխանելով այն հարցին, թե հակամարտությունն Ուկրաինայում կարո՞ղ է վերաճել միջուկայինի։

«Մեր շրջապատում միջազգային հանրության բոլոր անդամներն անհրաժեշտ ամեն ինչ անում են, որպեսզի դա տեղի չունենա։ Բայց Ուկրաինան իրավունք ունի պաշտպանվելու, և մենք շարունակում ենք օգնել նրան»,- ընդգծել է նախարարը։

Օսթինը նաև վտանգավոր է համարել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը միջուկային պատերազմի հավանականության մասին։ «Այդ կարգի ցանկացած հռետորաբանություն չի օգնի։ Միջուկային պատերազմում ոչ ոք չի կարող հաղթել,- նշել է Պենտագոնի ղեկավարը։- Դժվար է ասել՝ ինչ է թաքնված Լավրովի խոսքերի հետևում, սակայն նման հռետորաբանությունից պետք է խուսափել»։

Հիշեցնենք, որ Առաջին ալիքին տված հարցազրույցում Լավրովը նշել էր, թե հունվարին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հնգյակը հայտարարություն է արել միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին։ «Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է, և իհարկե, մենք չենք ցանկանում, որ հիմա, երբ սպառնալիքները միանգամայն իրական են, դրանք արհեստականորեն ուռճացվեն, մինչդեռ նման ցանկություն ունեցողները շատ են։ Վտանգը լուրջ է, այն իրական է, և թերագնահատել չարժի»,- ասել է Լավրովը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըBloomberg․ ԱՄՆ զենքի պաշարները շուտով կարող են սպառվել
Հաջորդ հոդվածըՕսթին․ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը չի քննարկվում