‘Պորտ-Սաիդի ողբերգության գործով 21 մեղադրյալներ մահապատժի են դատապարտվել’

737

Եգիպտոսի դատարանը մահապատժի է դատապարտել մեկ տարի առաջ Պորտ-Սաիդ քաղաքում ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած ողբերգության գործով 21 մեղադրյալների, հայտնում է РИА Новости-ն:

Քննչական մարմիններն անվտանգության նկատառումներով որոշել են մեղադրյալներին Պորտ-Սաիդի մեկուսարանից չբերել Կահիրե, և դատական վճիռն ընթերցվել է նրանց բացակայությամբ:  Ոստիկանության ակադեմիայի շենքի մոտ հավաքված ֆուտբոլային երկրպագուները, ինչպես նաև՝ ողբերգության հետևանքով զոհվածների հարազատները, դատավճիռն ընդունել են ցնծալի բացականչություններով և ծափողջույններով: Մինչ այդ Պորտ-Սաիդից տեղեկացրել են, որ դատապարտյալների կողմնակիցները հավաքվել են մեկուսարանի առջև և փորձում են գրոհով վերցնել շենքն ու ազատել նրանց:

2012 թ. փետրվարի 2-ին Պորտ-Սաիդ քաղաքում երկու եգիպտական թիմերի ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի և մարզադաշտի ելքի մոտ առաջացած հրմշտոցի հետևանքով 70 մարդ էր զոհվել, և 254 մարդ տարբեր կարգի վնասվածքներ էին ստացել: Դեպքի առիթով հարուցված դատական գործով անցնող 73 անձանցից 9-ը ոստիկանության սպաներ էին:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսը կրակի մեջ է. փողոցներում տանկեր են շրջում. նախագահը երկրից մեկնում է’
Հաջորդ հոդվածը‘Փաստը մնում է փաստ. Սուրբ Սարգիսն օգնում է երիտասարդներին’