‘Եգիպտոսը կրակի մեջ է. փողոցներում տանկեր են շրջում. նախագահը երկրից մեկնում է’

919

Եգիպտոսի բանակը Սուեզ քաղաքում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներից հետո տանկեր և ռազմական միավորներ է դուրս բերել փողոց: Վերջին տեղեկություններով՝ ընդհարումների հետևանով զոհվել է յոթ քաղաքացի և մեկ ոստիկան: Բացի այդ՝ տեղական վարչական շենքի դիմաց տեղի ունեցած անկարգությունների հետևանքով հրազենային վնասվածքներից զոհվել են հիմնականում մինչև 30 տարեկան տղամարդիկ (ստույգ թիվը չի նշվում): Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին իր Twitter-ի էջի միջոցով քաղաքացիներին կոչ է արել դադարեցնել բռնությունը և «ազատ ու խաղաղ կերպով արտահայտել կարծիքները»: Բողոքի ցույցերը տարածվել են երկրի բոլոր խոշոր քաղաքներում, հայտնում է Newsru.com լրատվական կայքը:

Եգիպտոսում բողոքի մեծածավալ ցույցերի ալիքը բարձրացել է նախկին բռնապետ Հոսնի Մուբարաքին գահընկեց արած հեղափոխության երկրորդ տարեդարձի նախօրեին: Միջոցառումների մասնակիցները գործող նախագահ Մուհամեդ Մուրսիին և «Մուսուլման եղբայրներ» շարժման անդամներին մեղադրում են տրված խոստումները չկատարելու մեջ:

Ինչ վերաբերում է նախագահ Մուրսիին, ապա չնայած երկրի ներսում ավելի ու ավելի աճող լարվածությանը, նա մեկնում է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս-Աբեբա՝ Աֆրիկյան միության խորհրդաժողովին մասնակցելու:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Բորուսիան» դեռ հեռու է իդեալից’
Հաջորդ հոդվածը‘Պորտ-Սաիդի ողբերգության գործով 21 մեղադրյալներ մահապատժի են դատապարտվել’