‘«Պուտինի մարդը» մտադիր է Վրաստանում ռուսամետ կուսակցություն բացել’

957

Վրաստանի ազգային անվտանգության նախկին նախարար Վալերի Խաբուրձանիան մտադիր է հայրենի երկրում ռուսամետ քաղաքական ուժ ստեղծել: Այդ մասին, ըստ Georgia Online-ի, նա հայտարարել է «Պալիտրա» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Այսօր ես Վրաստանում ռուսամետ ուժ չեմ տեսնում: Նոր ղեկավարությունն ավելի շուտ արեւմտամետ քաղաքականություն է վարում: Կարծում եմ, որ արեւմտամետ եւ ռուսամետ ուժերը Վրաստանում պետք է բացհայտ մրցակցություն վարեն», — ասել է Խաբուրձանիան՝ նշելով, որ մտադիր է համախոհներ գտնել արդեն գործող քաղաքական ուժերի շարքում:

Նախկին նախարարը նշել է, որ ամերիկացիները ներկայումս «Վրաստանն էժանով են գնում, իսկ Ռուսաստանը չի վճարում ընդհանրապես: Եթե ԱՄՆ-ը ցանկանում է Վրաստանն ունենալ, թող իրական փողեր ծախսի տնտեսության զարգացման համար: Եթե Ռուսաստանն բարիդրացիական հարաբերություններ է ուզում, թող ինքն էլ վճարի», — հավելել է Խաբուրձանիան:

Վալերի Խաբուրձանիան ԱԱ նախարարի պաշտոնը զբաղեցրել է Էդուարդ Շեւարդնաձեի պաշտոնավարման տարիներին: «Վարդերի հեղափոխությունից» մեկ ամիս անց՝ 2004-ի փետրվարին, նախագահ Սաակաշվիլին նրան ազատել է նախարարի պաշտոնից:

Ավելի ուշ Սաակաշվիլին, բացատրելով այդ քայլի պատճառները, հիշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին հանդիպման մանրամասները:

 Նրա խոսքով, Պուտինն այդ ժամանակ երկու խնդրանք է ներկայացրել՝ Վրաստանում ռուսական ռազմակայանների հապշտապ դուրսբերման հարց չբարձրացնել եւ «լավ նայել» անվտանգության ծառայության ղեկավար Վալերի Խաբուրձանիային:

«Ես չէի կարող թույլ տալ, որպեսզի Վրաստանում նախարարներ նշանակեն թեկուզ բարեկամ երկրները, առավելեւս՝ անվտանգության նախարարին», — ասել է Սաակաշվիլին: Ավելի ուշ նա բազմիցս նախկին նախարարին «Պուտինի մարդն» է անվանել:  

 

Նախորդ հոդվածը‘Իտալիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Արոնյան. Դեռ ամեն ինչ հնարավոր է’