‘Ռ. Նազարյանի հիմնարկը հավանություն է տվել «Հայռուսգազարդի»` $92 մլն ներդրումային ծրագրին’

683

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 18-ի նիստում հավանություն է տվել 2014-2016 թթ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 37,341 մլրդ դրամ (շուրջ 92 մլն դոլար) արժողությամբ ներդրումային ծրագրին: Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԿԲ փոխարժեքն է. 404.97 դրամ 1 դոլարի դիմաց:

Ընկերության ծրագիրը ներկայացրել է հանձնաժողովի ներդրումային ծրագրերի և լիցենզավորման գործունեության դիտարկման վարչության պետ Աբգար Բուդաղյանը: Նրա ասելով, Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի ընդլայնման և արդիականացման համար ներդրումները կկազմեն 13,460 մլրդ դրամ: Գազի փոխադրման համակարգի վերակառուցման համար ներդրումները կկազմեն 10,471 մլրդ դրամ, այլ ուղղություններով գազի փոխադրման համակարգում ներդրումները  կկազմեն 1,467 մլրդ դրամ, նոր բաժանորդների միացմանն ընկերությունը կուղղորդի 332 մլն դրամ: Գազաբաշխման համակարգում ներդրումները կկազմեն 6,532 մլրդ դրամ, այլ ուղղություններով գազի բաշխման համակարգում  նախատեսվում է ներդնել 4,639 մլրդ դրամ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Հայաստանի կառավարությունը ստորագրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի պետությանը պատկանող վերջին 20 տոկոսը գազի դիմաց 155 մլն դոլար պարտքի մարման հաշվին «Գազպրոմ» ԲԲԸ-ին վաճառելու վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր: 2012 թվականին Հայաստանի գազի մենաշնորհատեր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ նվասը 2011 թվականի համեմատ ավելացել է 4,3 անգամ` մինչև 66,2 մլրդ դրամ: Ընկերության կանոնադրական կապիտալը մեկ տարում չի փոխվել և 2012 թվականի վերջին կազմել է 312.072 մլրդ դրամ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Հայաստանի միակ գազամատակարարն է: 2012 թվականին Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումների ծավալը ավելացել է 22,3 տոկոսով և կազմել 1967.2 մլն խմ` 2011 թվականի 1609.1 խմ և 2010 թվականի 1440.144 մլն խմ դիմաց:

Քաղաքական ընդդիմության համոզմամբ, ռուսական կողմի հետ կառավարության գազային վերջին գործարքները բազմաթիվ վիճելի կետեր են պարունակում, այդ թվում` քրեական հանցագործության տարրերով:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիան շուտով շրջանառության մեջ կդնի Եղեռնի ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ’
Հաջորդ հոդվածը‘Մաքսային միության առաջնորդները դեկտեմբերի 24-ին կքննարկեն Հայաստանի ու Ղրղզստանի հարցը’