‘Սերժ Սարգսյանը «աշխատում» է նոր «տեխնոլոգիաներով». Մամուլ’

1526

ՀՀ նախագահի այս ընտրությունները նախորդից տարբերվում են նաև նրանով, որ նախորդ ընտրություններում իշխանության թեկնածուի ձայների ապահովումը նախևառաջ դրված էր մեծամասնականով ընտրված պատգամավորների վրա, իսկ նրանք, ինչպես հայտնի է, քրեածին-օլիգարխիկ կենսագրություն ունեին: Այս ընտրարշավին, սակայն, Սերժ Սարգսյանի թիմը օլիգարխներին միտումնավոր մեկուսացրել է` ցանկանալով պատրանք ստեղծել, թե իբր կրիմինալն ու օլիգարխիան տարանջատված է գործող վարչախմբից: Եվ այսպես «ՉԻ» տեղեկություններով` Երևանից դուրս ձայներ ապահովելու հանձնարարականները տրված են մարզպետներին, քաղաքապետներին, գյուղապետներին, ասել է թե` պետական համակարգում պաշտոն զբաղեցնող չինովնիկներին: Իսկ սա նշանակում է, որ հիմա կեղծելու են նաև «օրինական ընթացակարգերով»: Ի դեպ, ՀՀԿ-ն այս անգամ նախընտրական շտաբ բացելու համար գումարներ չի տրամադրում. անգամ էլեկտրաէներգիայի և ընթացիկ ծախսերի համար բյուջե չի տրամադրել, այդ ծախսերը պետք է հոգան տեղական իշխանիկները: Փոխարենը` ՀՀԿ շտաբների պատասխանատուները զանգահարում են հատկապես դպրոցների մանկավարժների բնակարաններ և ներկայանալով իբրև սոցհարցում կատարողներ, փորձում են ճշտել, թե մանկավարժները ճշգրտորե՞ն են կատարում վերևից իջեցված` Սերժ Սարգսյանին ընտրելու հրահանգը: Եթե տվյալ հեռախոսահամարից այլ թեկնածուի անուն կամ չկողմնորոշված լինելու կարծիք է հնչում, մյուս օրը դպրոցի տնօրենը իր մոտ է հրավիրում տվյալ ուսուցչին և նրա առջև դնում հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Թերթը նշում է, որ ՀՀԿ-ական ակտիվիստները «ընտրատեխնոլոգիայի» մեկ այլ հնարք էլ են բանեցնում: Երբ վարչական որևէ աշխատողից պահանջում են Սերժ Սարգսյանի համակիրների ցուցակ, ՀՀԿ շտաբի աշխատակիցները իրենց ծանոթներին օգնելու նպատակով, համակիրների ցուցակ են տրամադրում` արտագրելու համար:

Նախորդ հոդվածը’70 մլն դոլար հարկատուների հաշվին (լուսանկարներ). Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Արժե՞ արդյոք «վիզ դնել», որ ԵԽԽՎ-ն քննադատական զեկույց ընդունի Ադրբեջանի վերաբերյալ. Մամուլ’