‘Սերժ Սարգսյանին խստիվ արգելվում է խոսել թվերով (տեսանյութ)’

2309

Փորձը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը պետք է խուսափի երկրի սոցիալ– տնտեսական կյանքին վերաբերող կոնկրետ թվերի շուրջ խոսելուց։

Դրանից ոչ մի լավ բան չի ստաց վում։ Հինգ տարին բավարար է՝համոզվելու համար, որ եթե նա և նրա գլխավորած իշխանությունը խոստանում է, ասենք , աղքատությունը 27 տոկոսից կրճատել մին չև 14 տոկոս, արդյունքում աղքատությունը աճում է մինչև 35 տոկոս։ 2008 թվականին հենց այդպիսի խոստում էին տվել մեզ 2012-ի համար, և հենց այսպիսի արդյունք ստացանք անցած տարի։ Նման օրինակները բազմաթիվ են, և դրանց անդրադարձել ենք։ Բայց ունենալով նման պատկեր ՝ Սերժ Սարգսյանը կրկին խոսեց թվերով, այն էլ՝ իր ամանորյա ուղերձում։ Հաստատ՝ պետք չէր նման բան անել, և ահա թե ինչու։ Սկսենք ուղերձում բերված հենց առաջին թվական տվյալից. «2012-ին մեր երկրի շուրջ 33 հազար երիտասարդներ ընտանիքներ կազմեցին… »,- ասում Է Սերժ Սարգսյանը։ 33 հազար երիտասարդներ կարող են կազմել 16 հազար 500 ընտանիք։ Այսինքն , ըստ Սերժ Սարգսյանի հրապարակած տվյալների՝ 16 հազար 500 ամուսնություն է եղել 2012 թվականին։ Պաշտոնական տվյալները ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը կհրապարակի մի քանի շաբաթից, և այնժամ կիմանանք ավելի ճշգրիտ թիվը։ Բայց պետք է ենթադրել, որ նրա ուղերձի տեքստը պատրաստողները    ունեն ճիշտ տվյալը ամուսնությունների թվի մասին՝ 16 հազար 500։ Խնդիրն այն է, սակայն, որ ըստ ՀՀ ԱՎԾ-ի՝ 2011 թ. գրանցվել 119 հազար 706 ամուսնություն։ Իսկ դա նշանակում Է, որ 2012 թ., 2011-ի համեմատ, ամուսնությունների թիվը նվազել է ավելի քան 3 հազարով կամ 16 տոկոսով։ Եւ ուրեմն՝ 2012 թվականը, ըստ Սերժ Սարգսյանի հրապարակած տվյալների, նշանավորվել է ամուսնությունների 16 տոկոս անկումով։ Սա վատ, շատ վատ ցուցանիշ է։

Իր ամանորյա ուղերձի հաջորդ պարբերությամբ Սերժ Սարգսյանը տեղեկացնում է մեզ. «Անցնող տարում հայոց երկիրը լսեց շուրջ 40 հազար նորածնի ճիչ»։ Թե քանի երեխա է ծնվել Հայաստանում 2012 թվականին, նույնպես կհրապարակվի մի քանի շաբաթից։ Չնայած դրան՝ Սերժ Սարգսյանին ծնունդների թիվն արդեն տրամադրած կլինեն։ Բայց նրա ասած «շուրջ 40 հազար»–ը լավ բան չի կանխագուշակում։ Հայտնի է, որ 2011 թվականին Հայաստանում ծնվել է 43 հազար 447 երեխա։ Անցած տարվա առաջին 9 ամիսների տվյալներով՝ ծնունդների թիվը, նախորդող տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել էր 3 տոկոսով։ Եթե համարենք, որ նույն միտումը պահպանվել է մինչև տարեվերջ, ապա 2012 թվականին Հայաստանում ծնված կլինի 42 հազար երեխա։ Եթե ծնված երեխաների թիվն ավելին լիներ, ասենք 43 կամ 44 հազար, ապա չկասկածեք, Սերժ Սարգսյանը կհայտարարեր, թե «հայոց երկիրը» «շուրջ 45 հազար» նորածնի ճիչ է լսել։ Այլ կերպ ասած՝ Հայաստանում 2012 թվականին ծնունդների թիվը նույնպես նվազել է՝ մի քանի հազարով։ Սա նույնպես վատ, շատ վատ ցուցանիշ է։

Հաջորդ պարբերությամբ Սերժ Սարգսյանը մեզ տեղեկացնում է, որ «2012 թվականին մեր մեծ ընտանիքի 36 հազար մանուկ առաջին անգամ մտավ դպրության տաճար»։ Այսինքն՝ 2012 թվականին 36 հազար երեխա առաջին դասարանցի  է դարձել։ Սերժ Սարգսյանի հրապարակած այս թիվը արդեն կա նաև պաշտոնապես՝ 2012-ին առաջին դասարանցի է դարձել 35 հազար 867 երեխա։ Բայց սրա տակ թաքնված է մի խայտառակ փաստ։ Անցած տարի առաջին դասարանցի են դարձել 2006 թվականին ծնված երեխաները։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2006-ին Հայաստանում ծնվել է 37 հազար 639 երեխա։ Ստացվում է, որ դպրոցական տարիքի հասած երեխաներից 1700-ը անհետացել են՝ չեն դարձել առաջին դասարանցի։ Եւ ուրեմն, ո՞ւր են նրանք։ Պատասխանը ուղղակի ակնհայտ է՝ իրենց ընտանիքների հետ արտագաղթել են։ Փաստորեն՝ 6 տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է հազար 700 այնպիսի ընտանիք, որտեղ եղել է 2006 թվականին ծնված երեխա։ Սրանից կարելի է կռահել, թե քանի ընտանիք է արտագաղթել Հայաստանից 2006-2012 թվականների ընթացքում։ Պարզապես այդ թիվը պետք է բազմապատկել 10-ով, 20– ով, 30-ով…։ Սա էլ, մեղմ ասած, շատ վատ ցուցանիշ է։

«2012 թվականին հազարավոր հայաստանցիներ աշխատանք գտան կամ նոր գործ սկսեցին»,– իր ամանորյա ուղերձում ասաց Սերժ Սարգսյանը։ Աոաջին հայացքից, կոնկրետ թիվ չնշելով՝ Սերժ Սարգսյանը խուսափել է բացասական պատկեր ներկայացնելուց։ Բայց նույնիսկ այս դեպքում դա չի ստացվել։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2012 թվականի, ասենք՝ 3-րդ եռամսյակում, 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում զբաղվածների թիվը կրճատվել է մոտ 30 հազարով։ Նույն միտումը նկատվել է նաև 1-ին ու 2-րդ եռամսյակներում։ Իսկ դա նշանակում է, որ իրականում 2012-ի ընթացքում տասնյակ հազարավոր հայաստանցիներ աշխատանք են կորցրել։ Սա նույնպես վատ, շատ վատ ցուցանիշ է։

Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձում այլ թվական տվյալներ նշված չեն։                                                  

Հայկ Գևորգյան

Հայկական Ժամանակ

Նախորդ հոդվածը‘Մոտ օրերս կգա ԺՀՄԻԳ դիտորդների առաջին խումբը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի գլխավոր դատախազությունը հանել է Օքրուաշվիլիին ներկայացված 5 մեղադրանքներից 2-ը ‘