‘Սերժ Սարգսյանի գործը կուղարկվի դատարան’

3363

ՀՀ կառավարությունում Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունը, որին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները՝ վարչապետի գլխավորությամբ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հեռուստատեսության և համացանցում տեղադրված տեսանյութերի տեսքով շատ արագ տարածվեց ամբողջ հանրապետությունով` սոցիալական ցանցերում դառնալով թիվ մեկ քննարկման նյութ: 

Հանրապետության նախագահի պաշտոնում հայտնված անձը, օգտագործելով իր «հռետորական վարպետությունը», խորը մտահոգություն ներշնչող դեմքի արտահայտությամբ անդրադարձավ երկրում առկա, բայց, իհարկե, ոչ առաջնային գրեթե բոլոր խնդիրներին, ամենայն հավանականությամբ՝ նպատակ ունենալով նախագահական ընտրություններից առաջ ցուցադրելու առաջնորդի իր անսակարկելի ունակությունները:  

Արդյունքում՝ ընդդիմության հանրահավաքներին ելույթ ունեցող, ազատամիտ քաղաքական գործչին վայել կեցվածքով Սերժ Սարգսյանը անխնա քննադատության ենթարկեց ողջ կառավարության աշխատանքը` սկսած նախարարներից, վերջացրած վարչապետով` այդ ընթացքում անելով մի քանի ուշագրավ ձևակերպումներ, որոնց այժմ փորձենք անդրադառնալ առանձին-առանձին` ուղիղ մեջբերումներ անելով Սարգսյանի խոսքից: 

Տիգրանի մեղքը 

«Տիգրան, մենք քեզ հետ չորս տարի ա խոսում ենք այս թեմաներով, բայց պրոցեսները շարունակվում գնում են: Վեց ամիս հետո լավ կլինի, մի տարի հետո լավ կլինի…»: 

Եթե անգամ ընդունենք, որ Սերժ Սարգսյանի հնչեցրած բարոյախրատական խոսքերի հիմքում ընկած չէ նախագահական ընտրություններից առաջ ընտրողների մոտ, մեղմ ասած, թյուրընկալումներ առաջացնելու նպատակը, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ  Հայաստանում առկա` անզեն աչքով տեսանելի լրջագույն խնդիրների փոխարեն՝ որպես «մուննաթի» թեմա ընտրվեցին անհասկանալի տենդերները: 

Հարց է առաջանում, թե ինչի՞ մասին չորս տարի կարող են խոսել հանրապետության նախագահը և կառավարության ղեկավարը, և հատկապես ինչն այդպես համառորեն չի կարողանում հասկանալ վարչապետը, որ այժմ` չորս տարի անց, կարիք է առաջացել հրապարակավ ամոթանք տալու վերջինիս:  

Միանշանակ է, որ Սերժ Սարգսյանի խոստովանությունը՝ չորս տարի շարունակ վարչապետի հետ ինտենսիվ զրույցներ ունենալու վերաբերյալ, մեզ իրավունք է տալիս ենթադրելու, որ չորս տարվա ընթացքում Տիգրան Սարգսյանի  կողմից մշակված և հնչեցրած, իսկ արդյունքում՝ ամբողջովին ձախողված բոլոր «պատմական» ծրագրերը ծնունդ են առել Սերժ Սարգսյանի հետ կազմակերպված մտագրոհների արդյունքում: Եվ այժմ անհասկանալի է, թե ինչո՞ւ  խոսելով վարչապետի բացթողումներից՝ հանրապետության ղեկավարը չի նշում նաև իր սխալները: 

Պատասխանը մեկն է. այն բոլոր բացերը, որոնց մասին չի խոսվում խորհրդակցության ժամանակ, ձեռնտու են և տեղավորվում են գործող իշխանությունների կողմից որդեգրված և Տիգրան Սարգսյանի կողմից հայտարարված «Արտագաղթին խոչընդոտենք, որ մարդիկ այստեղ մնան ու հեղափոխությո՞ւն անեն» տրամաբանությամբ «Հայաստանն առանց հայերի» ծրագրի շրջանակներում: 

Ատկատների և քեռու տղաների բացահայտումը

«Գոնե կարո ՞ղ ենք գնալ էն մարդկանց հետևից, որոնք ատկատներ են վերցնում, ովքեր, էսպես ասած, մատակարարներից պարտքեր են վերցնում, գնալ էն մարդկանց հետևից, ովքեր իրանց քեռու տղային են բերում տենդերներում հաղթեցնում կրկնակի ավել գներով:

Եվ տարօրինակ ա, մենք տենդերում ապրանք ենք ձեռք բերում, որ շուկայում ավելի էժան ա

Այստեղ շատ կարևոր է կրկին նշել, որ խոսքերի հեղինակը նախագահի աթոռին բազմած անձնավորությունն է, որը գործադիր իշխանության ամենավերին ներկայացուցիչն է, և որի յուրաքանչյուր խոսք պետք է ընկալվի որպես պետության խոսք: 

Հարկավոր է հասկանալ, որ եթե հանրապետության նախագահը խոսում է ատկատների և քեռու տղաների մասին` սա նշանակում է, որ դրանք իսկապես գոյություն ունեն: Կարևորն այն է, որ հանրապետության ղեկավարի ունեցած և մանավանդ՝ հնչեցրած այս տեսակ տեղեկություններն անորոշ չեն լինում: Եթե սրա մասին խոսվում է, ապա դա նշանակում է մեկ բան. հայտնի են կոնկրետ դեպքեր, հայտնի են կոնկրետ անուններ: 

Արդեն գաղտնիք չէ,  որ 2008-09-10թ.թ. ՀՀ վերահսկիչ պալատի կողմից կատարված ստուգումների արդյունքում կազմված շուրջ 120 հաշվետվությունների համաձայն՝ արձանագրվել են ավելի քան 20 մլրդ դրամի խախտումներ: Ինչից հետևում է, որ բյուջետային ծախսերի 100 տոկոսի ստուգման պարագայում պետական բյուջեի յուրացումներն ու վատնումները կկազմեին միջինը 200 միլիարդ դրամ կամ ավելի քան 500 միլիոն դոլար: Այս հարցին 12.09.2012 ելույթում ԱԺ ամբիոնից անդրադարձել է ՀԱԿ ԱԺ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Միամտություն կլինի կարծել, թե չորս տարի է՝ իրավապահներն ու Սերժ Սարգսյանը չեն իմացել չարաշահումների, յուրացումների եւ վատնումների այս դեպքերի մասին: 

Եվ այն դեպքում, երբ այսպիսի տեղեկացվածության պայմաններում չեն հնչեցվում մեղավորների անունները, և մինչ այս խորհրդակցությունը կամ խորհրդակցությունից անմիջապես հետո իրենց առանձնատներում չեն ձերբակալվում կոնկրետ պաշտոնյաներ, ապա կասկած չկա, որ տվյալ հանցագործությունները, անկախ Սերժ Սարգսյանի հրապարակային ելույթների քանակից և ագրեսիվությունից, երբևէ չեն բացահայտվելու:  

Խաչիկյանի օրինակը

«Մեկը այս ամենի համար պիտի պատասխան տա՞, թե ՞ չէ, թե անպայման մարդ պիտի ձերբակալենք, անպայման Խաչիկյանի պատմությունը մեջտեղ պիտի բերենք…»: 

Եթե անգամ մենք ականատեսը եղած լինեինք մի անթերի ելույթի, ապա միայն այս նախադասությունը կարող էր այն լիովին հողին հավասարեցնել և արժեզրկել, քանի որ Խաչիկյանի օրինակը՝ պատասխանատվության ենթարկելու և կաշառակերության դեմ պայքարի համատեքստում, մեղմ ասած՝ ծիծաղելի էր: 

Այստեղ կարիք կա հիշեցնելու, որ երբ տեղի ունեցան Վերահսկիչ պալատի աղմկոտ բացահայտումները, և երբ պարզվեց, որ հազարավոր մեռյալ հոգիներ թոշակ են ստացել, հսկայական չափերի հասնող գումար է յուրացվել, եւ քրեական գործ հարուցվեց, Խաչիկյանն ուղղակի անարգել հեռացավ երկրից: Չարաշահումների և անզգույշ վերաբերմունքի համար քրեական պատասխանատվության ենթարկվեցին նախարարության ստորին օղակների աշխատակիցներ: Եվ եթե հաշվի չառնենք այս իրադարձությունների և մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի հետ կապված բացահայտումների միջև եղած կապի մասին խոսակցությունները, ապա սա էր ամբողջ պատմությունը: 

Արդյունքում՝ եթե անգամ Խաչիկյանն ինքն է յուրացրել բյուջետային գումարները, նա ոչ ֆինանսական տույժի ենթարկվեց, ոչ զրկվեց իր ունեցվածքից, ոչ էլ հայտնվեց անազատության մեջ: 

Անօրինական ճանապարհնարով բյուջետից սնվող ցանկացած պաշտոնյա կերազի բացահայտվելու դեպքում, թեկուզ  մեկ-երկու օր հայտնվելով թերթերի առաջին էջերին, այս կերպ խուսափել պատասխանատվությունից:  

Տվյալ դեպքում Խաչիկյանի օրինակը ոչ թե կանխում, այլ խրախուսում է կաշառակերության զարգացումը: 

Առաջ՝ դեպի մեծերի գլուխներ 

«Նախ ես ցանկանում եմ, որպեսզի Ազգային անվտանգության ծառայությունը և դատախազությունը այս խնդիրներով լրջորեն զբաղվեն, բայց էլի չգնանք ասենք էս մեկը 1 մլն  ու կես գողացավ դրամ, էս մեկը 2 մլն գողացավ: Գլխից պիտի բռնենք մեծերին…»: 

Ընդհանրապես, այսպիսի հանձնարարությունները նորմալ են, երբ տրվում են կոնկրետ դեպքի կապակցությամբ, հստակ գործողություններ ձեռնարկելու նպատակով: Տվյալ դեպքում նպատակը շատ լղոզված է և անորոշ: Արդյունքում՝ կարող է, օրինակ, այսպիսի  հարց առաջանալ .«Իսկ ընդհանրապես ո՞վ ասաց, որ նախարարություններում կան յուրացման դեպքեր, որ կան պաշտոնական դիրքի չարաշահումներ»: 

Իսկապես, որտեղի ՞ց է Սերժ Սարգսյանը տեղեկացել ապօրինությունների մասին: Ինչո ՞ւ է  այսքան համոզված խոսում դրանց մասին: Դժվար թե նա գործի դրած լիներ իր հոտառությունը կամ վեցերորդ զգայարանի հատուկ ունակությունները: 

Իհարկե, այսպիսի դեպքերի մասին նա տեղեկացվում է իրավապահ մարմինների ներկայացուցիչների և հատկապես՝ ԱԱԾ ղեկավարի կողմից: Եվ կասկածից վեր է, որ եթե ԱԱԾ-ն, տեղյակ լինելով նմանատիպ հանցագործությունների մասին, արդեն իսկ չի ձեռնարկել համապատասխան գործողություններ և եկել,  անամոթաբար նստել է կառավարության նիստին, ապա նույն կերպ` անամոթաբար էլ չի կատարի նաև այդ նիստի ժամանակ իրեն տրված հանձնարարությունները: 

Երևի թե նկատած կլինեք, որ վերջին շրջանում Սերժ Սարգսյանը հաճախակի է սկսել դիմել հայրենի իրավապահների օգնությանը: Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, օրինակ, անհայտ «հատուկ հանձնարարություն» տրվեց ԱԱԾ ղեկավար Գորիկ Գուրգենիչին:  Իսկ հիմա էլ վերջինս, Աղվան Հովսեփյանի հետ միասին, պետք է զբաղվի «մեծ գլուխներով»: 

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը, ով իրականում  հենց ինքն է ղեկավարում բոլոր այդ կառույցները, դրանցից նախաձեռնողականության դրսևորումներ չի սպասում: Այսպիսի հրապարակային հանձնարարություններից միակ սպասված արդյունքը՝   կազմակերպված խորհրդակցության լրջության ցուցադրումն է հասարակության աչքին: Հակառակ դեպքում ի ՞նչ կարիք կա այսպիսի հանձնարարությունների, երբ պարզից էլ պարզ է, որ կաշառակերության և պաշտոնական դիրքի չարաշահումների դեպքերով պետք է զբաղվեն հենց իրավապահները: Նմանատիպ քայլերը նման են օդ արձակված կրակոցների, որոնք, բացի ձայնից, որևէ ազդեցություն չեն ունենում: 

Վերոհիշյալ «միտքը» ևս մեկ հարց է ծնում. ինչո ՞ւ Սերժ Սարգսյանն այլևս չի բավարարվում փոքր բացահայտումներով և պահանջում է մեծ գլուխներ: Եվ ընդհանրապես, ի ՞նչ նիկատի ունի՝ «Գլխից պիտի բռնենք մեծերին» ասելով: 

Միամիտ կլինենք, եթե կարծենք, թե Սերժ Սարգսյանը սխալ պատկերացում ունի և մտածում է, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր համոզված չեն, որ հանրապետության ամենամեծ «գլուխը» հենց իրենն է, իսկ դրանից ներքև՝ բոլորը սպասարկում են իր և իր մերձավոր շրջապատի շահերը: 

Իսկ իրականությունն այն է, որ այսպիսի հայտարարություններն ուղղակի տեղավորվում են իշխանական քարոզչամեքենայի նոր ուղղության տրամաբանության մեջ, որը խնդիր ունի բացահայտելու երկրում ստեղծված աղետալի իրավիճակի բոլոր «մեղավորներին»՝ բացի Սերժ Սարգսյանից` այդպիսով թույլ տալով վերջինիս աշխատաքից ազատել մեկ-երկու պաշտոնյայի և մեկ-երկու օլիգարխի ճնշելով՝ հանդես գալու որպես «բարի թագավոր»:                                                            

                                                                             ***            

Այս և մյուս «հանճարեղ ասույթներն» առիթ են տալիս մտորելու ընդհանրապես գործող իշխանությունների և հատկապես Սերժ Սարգսյանի ադեկվատության մասին: Շատ հավանական է նաև, որ սա իշխանությունների լավագույն քայլերից մեկն էր ստեղծված իրավիճակում: 

Սերժ Սարգսյանն իսկապես ասելիք չունի: Նրան օդի պես հարկավոր են այսպիսի բեմականացումներ, նրան օդի պես հարկավոր է լինել ոչ ադեկվատ: Հակառակ դեպքում նա պետք է սկսի կոնկրետ պատասխաններ տալ կատարված անարդարությունների և չկատարված գործերի վերաբերյալ:   

Նա շատ լավ գիտակցում է, որ հասարակությունը նրանից պատասխաններ է սպասում Մարտի 1-ի սպանդը չբացահայտելու վերաբերյալ, որ հասարակությունը նրանից պատասխան է սպասում երկիրը աղքատության հասցնելու վերաբերյալ, որ հասարակությունը նրանից պատասխան է սպասում խաղաղ պայմաններում բանակում զոհվող մեր զինվորների վերաբերյալ, որ հասարակությունը նրանից պատասխան է սպասում արտագաղթի և գործազրկության ծավալների աճի վերաբերյալ, որ հասարակությունը նրանից պատասխան է սպասում երկրում տիրող ամենաթողության և դրա հետևանքով խլվող մարդկային կյանքերի վերաբերյալ, որ հասարակությունը նրանից պատասխան է սպասում արդարադատության և օրինականության բացակայության վերաբերյալ: 

Հ.Գ. Նմանատիպ խորհրդակցությունները կարող են միայն ժամանակավորապես շեղել հասարակության ուշադրությունը: Ուշ թե շուտ Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու կանգնել ժողովրդի դատարանի առջև: 2013-ի առաջին ամիսներին կավարտվի իշխանությունների գործած հանցագործությունների վերաբերյալ գործի նախաքննությունը, և հասարակությունը ինքը պետք է որոշի՝ գործն ուղարկել դատարան, թե ոչ:


Արեգ Գևորգյան

Նախորդ հոդվածը‘«Նորշելանի» մարզիչը Մխիթարյանի մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Բարեգործական առաջին ինքնաթիռը շուտով կմեկնի Սիրիա ‘