‘Սերժ Սարգսյանն ու Տարոն Մարգարյանը իրենց խոստումը չեն կատարում’

1841

Սեպտեմբերի 27-ին, Հանրապետական կուսակցության ԳՄ նիստից հետո, դրսում հավաքված Եկմալյան, Բուզանդ, Արամի փողոցների խաբված բնակարանատերերին մոտեցավ Սերժ Սարգսյանը: Նրանք, ներկայացնելով իրենց խնդիրը, ասացին, որ տարիներ շարունակ առանց բնակարանի են մնացել: Նրանց խոսքով՝ իրենք արդեն պետք է բնակարաններ ունենային Արամի 72-80 հասցեում գտնվող նորակառույցում, սակայն այս շենքի 172 բնակարանների համար իրականացվել են 700-ից ավելի գործարքներ։ Սերժ Սարգսյանը նշել էր, որ այդ հարցով զբաղվում է քաղաքապետարանը ու խոստացել, որ ամեն ինչ կանի, որպեսզի նրանց բնակարանային խնդիրները լուծվեն, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչներին ասել էր, որ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, և խորհուրդ տվեց սպասել՝ վերջնաժամկետ նշելով նոյեմբերի 1-ը:

Նշենք, որ 2006 թվականին այս բնակիչների տները գերակա հանրային շահ են ճանաչվել ու քանդվել են, և դրանց փոխարեն կառուցվել են նոր բազմաբնակարանային շենքեր: 2006 թվականին «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը պայմանագիր է կնքել քանդված տների սեփականատերերի հետ՝ շենքը պատրաստ լինելուց հետո բնակարանով ապահովելու պայմանով, սակայն բնակիչները մինչ օրս բնակարան չեն ստացել, դրանք վերավաճառվել են երրորդ անձանց: Պապոյանը ձերբակալվել է, ընթանում է քննություն: Մինչ գործը դատական կարգով քննվի, բնակարանատերերը տարիներ շարունակ ստիպված են վարձով ապրել:

iLur.am-ը հարցում էր ուղարկել քաղաքապետարան՝ խնդրելով ներկայացնել, թե ի՞նչ է արվել այս ընթացքում այս բնակիչների խնդիրներին լուծում տալու համար: «Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում շարունակվում են քննարկումները` բարձրացված հարցերի կարգավորման համար»,- նշված է քաղաքապետարանի պատասխան նամակում: Ըստ էության՝ քաղաքապետարանն այդպես էլ չի պատասխանել, թե ինչ քայլեր են արվել, ու որևէ նոր բան ասված չէ: Ներկայացնում ենք քաղաքապետարանի նամակն ամբողջությամբ.

«Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման`աշխատակազմի իրավաբանական վարչությունից տեղեկացնում են, որ Երևան քաղաքում որոշ կառուցապատման ծրագրերով իրավիճակի պարզման և առկա խնդիրների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ առաջարկություններ ներկայացնելու համար ՀՀ վարչապետի 02.03.2012թ. հ.194-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի նախագահն է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը։

Երևան քաղաքի Արամի 72-80 և Բուզանդի 13-21 հասցեների կառուցապատմանն առնչվող հարցերը դարձել են միջգերատեսչական հանձնաժողովի քննարկման առարկա, որոնց շրջանակներում ներկայացված առաջարկությունների արդյունքում ընդունվել են ՀՀ կառավարության 26.04.2012թ. «Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի փողոցին հարող տարածքում գտնվող անավարտ շինարարության օբյեկտի օտարման պայմանների մասին» հ.599-Ա, 30.08.2012թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի հ.599-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» հ.1086-Ա և 06.09.2012թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի հ.1405-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Եկմալյան փողոցին հարող տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» հ.1141-Ն որոշումները։ Նշված որոշումների պահանջներին համապատասխան Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարվել են գույքի օտարման և ձեռքբերողի մրցույթներ, որոնք չեն կայացել»:

Խաբված բնակարանատերերից Ֆլորա Սարուխանյանը iLur.am-ի հետ զրույցում ասաց, որ մինչև հիմա այդ հարցը մնացել է, ոչ մի պատասխան չեն ստացել:

«Նիստից հետո դուրս եկավ, մոտեցավ մեզ, մենք էլ մեր բողոքը ներկայացրինք: Ինքն ասաց՝ կաշխատեմ, որ էդ բոլոր հարցերը լուծեմ, որ ոչ գնորդը նեղանա, ոչ տանտերերը, գոնե մեկ ամիս էլ սպասեք, ժողովուրդ: Ասաց՝ իսկ ի՞նչ անենք, բա գնորդներ էլ գոյություն ունեն, որոնք փող են տվել, որ տուն առնեն: Նրանք գնորդ են, իսկ իմ տունն են քանդել, նրանց տունը չեն քանդել, բայց ունեցել եմ երկու հարկանի քարե մեծ տուն, ամեն հարկը՝ 130 քմ, ու հիմա փողոցում եմ հայտնվել: Դեռ ոչ մի շարժ չկա, ոչ մի առաջընթաց: Սերժ Սարգսյանի խոսքերը՝ մի քիչ էլ համբերեք, ժողովուրդ, ես տեղյակ եմ խնդրից: Մինչև օրս սպասում եմ»,- ասաց տիկին Ֆլորան, որն արդեն 7-րդ տարին է՝ վեց անչափահաս երեխաների հետ վարձով է ապրում:

Նա պատմեց, որ օրեր առաջ բնակարանատերերը հանդիպում են ունեցել ֆինանսերի նախարարի խորհրդական Հայկ Դավթյանի հետ:

«Բոլորի գործերը իր մոտ են, ինքը շատ զայրացել ա, թե՝ ձեզ ո՞վ ա ասել գաք, երբ որ պետք լինի,  մենք ձեզ կկանչենք: Բայց ե՞րբ»,- հարցնում է տիկին Ֆլորան:

Խաբված բնակարանատերերից Սոնա Մաղաքյանը ևս iLur.am-ին ասաց, որ առայժմ ոչ մի կոնկրետ բան չի արվել: Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ է զբաղված միջգերատեսչական հանձնաժողովը, Սոնա Մաղաքյանը պատասխանեց, թե այս տարվա հուլիսից այդ հանձնաժողովը նիստեր չի գումարել:

«Հուլիսից մինչև հիմա երես չունեն, որ հանդիպեն, ասելիք չունեն»:

 

Նախորդ հոդվածը‘Վրաստանը օրակարգից հանել է Աբխազական երկաթուղու շահագործման հարցը’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկում է «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարը’