‘Սերժ Սարգսյան. Ո՞վ է ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը հեշտ մրցակիցներ են ‘

926

«Ես անկեղծորեն եմ ասում` որեւէ ընտրության ժամանակ որեւէ մեկին ինձ հակառակորդ չեմ համարել։ Եվ եթե իրոք ետ նայվի նախընտրական պրոցեսները, անպայման կնկատվի, որ մենք երբեք որեւէ մեկին դեմ չենք աշխատել։ Մենք մշտապես հանդես ենք եկել «հանուն» սկզբունքով։ Եվ մենք պայքարել ենք, մրցել ենք, որպեսզի մեր գաղափարները ավելի շատ սատարում գտնեն, քան թե մենք փորձենք ուրիշների սխալները կամ թույլ կողմերը ցուցանել։ Այս առումով ես կարծում եմ, որ այս ընտրությունները բացառություն չեն լինելու եւ չնայած որոշ հանգամանքների, այս անգամ էլ մենք հարազատ ենք մնալու մեր մոտեցմանը»,- այդ մասին «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Այն հարցին էլ, թե հիմա հաճախ հնչում են տեսակետներ, որ մրցակցային չեն ընտրությունները, այնուամենայնիվ՝ դուք ունե՞ք Ձեր մրցակիցը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես հակված եմ կարծելու, որ իշխանությունների պրոբլեմը չէ մրցակից աճեցնելը։ Ես համարում եմ, որ իշխանությունների խնդիրն է մրցակցային դաշտ, մրցակցային մթնոլորտ ստեղծելը, թեեւ սա էլ միայն իշխանությունների պարտականությունների մեջ չի մտնում։ Բայց մենք ի՞նչ պետք է անեինք, գնայինք Եվրոպայից կամ Միացյալ Նահանգներից մեր մի հայրենակցի բերեի՞նք, պարտադրեի՞նք, կամ ինչ-որ մեկին այստեղ սկսեինք աճեցնե՞լ։ Դա այն է, ինչում փորձում են մեզ մեղադրել, որ իբր մենք դրանով ենք զբաղված։ Փառք Աստծո, մենք դրանով երբեք չենք զբաղվել, չենք զբաղվելու, եւ դա ընդհանրապես ոչ շնորհակալ գործ է։ Գիտեք, երբ որ ասում են, որ չկա ուժեղ մրցակից, երբ որ չկա մարդ, որ կարող է շատ ձայներ տանել, ես դրա հետ համաձայն չեմ։ Իսկ ո՞վ է ասել, որ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը, նույն Հրանտ Բագրատյանը, նույն Պարույր Հայրիկյանը, որոնք վաստակ ունեն եւ ճանապարհ են անցել, շատ ավելի հեշտ մրցակիցներ են, կամ ավելի քիչ փորձ ունեն բանավիճելու կամ հրապարակային խոսքի»:  

Նախորդ հոդվածը‘Աշխույժ ամառ Պեպի հետ. Ո՞ւմ է ցանկանում ձեռք բերել կատալոնացին’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Հասկանո՞ւմ եք` ինչ է նշանակում մրցել Հայրիկյանի հետ ‘