‘Սերժ Սարգսյան. Հասկանո՞ւմ եք` ինչ է նշանակում մրցել Հայրիկյանի հետ ‘

1972

Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Բարլուս» հեռուստաընկերությանը

«Բարլուս»- Բարեւ ձեզ սիրելի հեռուստադիտողներ, այսօր «Բարլուս» հեռուստաընկերության հյուրն է Սերժ Սարգսյանը: Նա այսօր ունի ուղիղ 15 րոպե, ապացուցելու բոլորիս, որ այս ընտրությունները մրցակցային են լինելու:

Բարեւ ձեզ պարոն Սարգսյան, կասե՞ք, հիմա ո՞վ է այն թեկնածուն, որի հետ դուք մրցում եք։ Ո՞վ է այս պահին ձեր հիմնական հակառակորդը՝ Պարույր Հայրիկյա՞նը, Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե՞ Հրանտ Բագրատյանը։ Կամ գուցե մեկ ուրի՞շը։

Սերժ Սարգսյան— Բարլուս Բարլուս: Ձեր առաջին բառը շատ ավելի ճիշտ էր՝ մրցակից, քան հակառակորդ, որովհետեւ, ես անկեղծորեն եմ ասում` որեւէ ընտրության ժամանակ որեւէ մեկին ինձ հակառակորդ չեմ համարել։ (Փհաաաաայ-քմծիծաղում է): Եվ եթե իրոք ետ նայվի նախընտրական պրոցեսները, անպայման կնկատվի, որ մենք երբեք որեւէ մեկին դեմ չենք աշխատել։ Մենք` նկատի ունեմ ինձ, բնականաբար, մենք` Սերժ Սարգսյանս, եւ չենք աշխատել նկատի ունեմ, որ հատկապես չենք աշխատել որեւէ մեկի դեմ 2008-ի ընտրություններում եւ դրանից հետո: Էն ինչ գրել են, դրանք ստոր հերյուրանքներ են:

Մենք մշտապես հանդես ենք եկել «հանուն» սկզբունքով։ Այո, հենց հանուն սկզբունքով, ոչ ավելի, ոչ` պակաս: Հանուն սկզբունքով մի 150 հոգու բանտ նստացրինք, 10 հոգու, թե կարծեմ ավելի շատ, գնդակահարեցինք, մի հարուրքանիսին հրազենային վիրավորումներ պատճառեցինք, տենց մի քիչ ճնշեցինք, հետապնդեցինք, չհասկացվածության պատը լռիվ տվինք` ավիրեցինք, տնտեսությունը վերջանականապես շին…ըըը, սարքինք, երկիրը սարքեցինք, մի խոսքով, հանուն, հանուն մեր գաղափարների, հատկապես` հանուն իմ, Սաշիկի ու Միշիկի գաղափարների ամրապնդման եւ տարածման:

Եվ մենք պայքարել ենք, (արդեն նշեցի` ինչպես) մրցել ենք, որպեսզի մեր գաղափարները ավելի շատ սատարում գտնեն, քան թե մենք փորձենք ուրիշների սխալները կամ թույլ կողմերը ցուցանել։ Այս առումով ես կարծում եմ, որ այս ընտրությունները բացառություն չեն լինելու եւ չնայած որոշ հանգամանքների, այս անգամ էլ մենք հարազատ ենք մնալու մեր մոտեցմանը։

«Բարլուս»- Պարոն Սարգսյան, հիմա հաճախ հնչում են տեսակետներ, որ մրցակցային չեն ընտրությունները։ Այդ իմաստով էի ես հարցնում, այնուամենայնիվ՝ դուք ունե՞ք Ձեր մրցակիցը։

Սերժ Սարգսյան․ — Ես հակված եմ կարծելու, որ իշխանությունների պրոբլեմը չէ մրցակից աճեցնելը։ Ու ընդհանրապես, ես, այսինքն` մենք, հո գիժ չենք` մրցակից աճեցնենք: Ես համարում եմ, որ իշխանությունների խնդիրն է մրցակցային դաշտ, մրցակցային մթնոլորտ ստեղծելը, թեեւ սա էլ միայն իշխանությունների պարտականությունների մեջ չի մտնում։ Բայց մենք ի՞նչ պետք է անեինք, գնայինք Եվրոպայից կամ Միացյալ Նահանգներից մեր մի հայրենակցի բերեի՞նք, պարտադրեի՞նք, կամ ինչ-որ մեկին այստեղ սկսեինք աճեցնե՞լ։ Մենք ո՞վ ենք, որ ԱՄՆ-ից ինչ-որ բան բերեք, էստեղ աճեցնենք, առավելեւս, որ ամերիկացիները իրենք իրենցով էլ այստեղ լավ էլ աճեցնում են: Լսել եմ, մի քանիսին աճեցրել են, ճիշտ ա, ասում են` փորձարկումներով են աճեցրել, ինչ-որ նորարարական խառնուրդներ են ներարկել, մի քիչ էկոլոգիապես ոչ մաքուր պրոդուկտեր են ստացել, որոշներին էլ` օրգանական նյութեր են խառնել, գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներ են ստացել:

Հետո, գիտեք, երբ որ ասում են, որ չկա ուժեղ մրցակից, երբ որ չկա մարդ, որ կարող է շատ ձայներ տանել, ես դրա հետ համաձայն չեմ։ Իսկ ո՞վ է ասել, որ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը, նույն Հրանտ Բագրատյանը, նույն Պարույր Հայրիկյանը, որոնք վաստակ ունեն եւ ճանապարհ են անցել, շատ ավելի հեշտ մրցակիցներ են, կամ ավելի քիչ փորձ ունեն բանավիճելու կամ խոսքի:

Դուք գիտե՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը որքան ուժեղ մրցակից է: Երբ Միշիկն ասեց, որ Րաֆֆին առաջադրվելու է, ես վախից երկու օր հաց չեմ կերել: Ահավոր օրեր էին, հիմա ճիշտ է` վախս մի քիչ հաղթահարել եմ, բայց տեսեք, էլի հենց ասում եմ` Րաֆֆի, ծնկներս դողում են: Հըլը ասացեք Րաֆֆի: 

«Բարլուս»-Րաֆֆի

Սերժ Սարգսյան— Տեսնո՞ւմ եք` ոնց են ծնկներս դողում: Բա Հրանտ Բագրատյանը: Վաաաայ, չէ, չեմ ասի, թե չէ ինձ մոտ կոնվուլսիաներ կսկսվեն:

Ո՞վ մնաց: Հա, Պարույր Հայրիկյանը: Հայրիկյանը, օ ո՜չ, ոչ, ես չգիտեմ հիմա ինձ հետ ինչ կանեմ, հենց հիշում եմ, որ նա իմ մրցակիցն է, ես ուզում եմ ինքնասպան լինել, ես ինչպե՞ս եմ հաղթելու նրան: Այո, չեմ թաքցնի, ամբողջ կյանքս երազել եմ, որ մի անգամ ինձ բախտ վիճակվի մրցել նրա նման մարդու հետ, բայց այսպե՞ս: Դուք հասկանո՞ւմ եք` ինչ է նշանակում մրցել նրա հետ: Դուք հասկանո՞ւմ եք` այդ միտքը: Դա մի մղձավանջ է, ես այնքան սարսափած եմ, որ հրահանգել եմ այս անգամ ընտրակեղծիքների չափը եռապատկել, եռապատկել նաեւ ընտրակաշառքը, այս անգամ արդեն ոչ թե 5 կամ 10 հազար ենք բաժանելու, այլ` 30-40: Եթե պետք լինի հատին 50 հազար կտանք:

 

«Բարլուս»-Իսկ Արամ Հարությունյա՞նը եւ …

Սերժ Սարգսյան- Ոչ, ոոոոոոոոոոոո՜չ, չտաք այդ անունները

«Բարլուս»- Ձեզ ի՞նչ եղավ, դադարեցրեք ձայնագրությունը, շտապօգնություն կանչեք, նա լավ չի, նա ուշաթափվել է, շտապօգնություն կանչե՜ք….  

 

iLur.am-ի քաղաքական հումորի բաժին 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Ո՞վ է ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը հեշտ մրցակիցներ են ‘
Հաջորդ հոդվածը‘Հրանտը Հրանտի մասին. Վարչապետի թեկնածո՞ւ’