‘
Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարությունն այն մասին, թե ընդդիմության առաջնորդ Մուազա ալ-Խաթիբը պատրաստ է բանակցությունների նպատակով ժամանել Մոսկվա՝ չի համապատասխանում իրականությանը, փոխանցում է Росбалт-ը: Խաթիբի գրասենյակից The Guardian-ի խմբագրությանը հասցեագրված նամակում նշվում է, որ նա իր համաձայնությունը չի տվել՝ այցելելու Ռուսաստանի մայրաքաղաք, ինչպես այդ մասին ավելի վաղ հայտարարել էր ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը: «Պարոն Բոգդանովի հետ ոչ ոք նման խոսակցություն չի վարել, ոչ մի այց նախատեսված չէ ոչ առաջիկա շաբաթներին, ոչ էլ տեսանելի ապագայում»,- պարզաբանել է Խաթիբի օգնականը: Նախօրեին Բոգդանովը ոչ միայն հայտարարել էր, թե Խաթիբը մտադիր է այցելել Մոսկվա, այլև ընդգծել էր, թե սիրիական ընդդիմությունը «շահագրգռված է այդ այցով», և որ նրանց Մոսկվա է հրավիրել Սերգեյ Լավրովը: Նախկինում Խաթիբը և իր զինակիցները բազմիցս հայտարարել են, թե ռուսաստանյան իշխանությունների հետ բանակցությունները հնարավոր են միայն այն բանից հետո, երբ Մոսկվան վճռականորեն կդատապարտի սիրիական գործող վարչակարգը: Մինչդեռ Ռուսաստանի իշխանությունները հրաժարվում են դա անել, և ընդդիմության հետ երկխոսությունն այդպես էլ տեղի չի ունենում, փոխանցում է lenta.ru-ն:
‘