‘
Հայ արվեստասեր հասարակությունը վերջին հրաժեշտը տվեց սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանին: Դեկտեմբերի 11-ին ՀՀ ժողովրդական արտիստուհուն վերջին հրաժեշտը տալու էին եկել Սերժ և Ռիտա Սարգսյանները, հասարակական- քաղաքական, մշակութային գործիչներ, Ֆլորա Մարտիրոսյանի արվեստի երկրպագուներ:
«Արմենպրեսի» փոխանցմամբ` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ Ֆլորա Մարտիրոսյանի օրինակով մարդիկ պետք է կառուցեն իրենց կյանքը, սովորեն, թե ինչպես լինել պրոֆեսիոնալ, մարդկային հարաբերությունների մեջ յուրատեսակ, օրինակելի` ազգի մշակույթը աշխարհին ներկայացնելու գործում: «Այս բոլոր ոլորտներում անգնահատելի էր նրա դերը: Ֆլորա Մարտիրոսյանը պետք է օրինակ ծառայի վաղվա արվեստագետին, ընտանիք պահող կնոջը, հայ քաղաքացուն»,- ասաց նա:
ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը կարևորեց այն, որ Ֆլորա Մարտիրոսյանը հայ ժողովրդին թողել է երգերի մի գեղեցիկ փունջ, որը հավերժ պահպանվելու է ազգային երգադարանի ոսկե ֆոնդում: «Նրա երգի մեջ լույսն է, բարդությունը և մարդկային առաքինությունը»,-շեշտեց նա:
Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը` Հրահատը, վատառողջ լինելու պատճառով չի կարողացել Հայաստան գալ, իսկ երեխաներն այստեղ են:
Սիրված երգչուհու դին կամփոփվի Երևանի քաղաքային պանթեոնում:
‘