‘Սովորական ցինիզմ. Սիրիահայերին գումարի փոխարեն կտրամադրեն կտրոն` «Երեւան Սիթի»-ից գնումներ կատարելու համար (Տեսանյութ)’

1171

Հայաստանում հաշվառված 1500 սիրիահայ ընտանիքներից 1000-ին կտրվեն կտրոններ 20 հազար դրամ պարունակությամբ։ Գաղափարի հեղինակը Քուվեյթի Հանրապետությունն է: Արդեն որոշված է, թե ինչպես պետք է սիրիահայերն օգտվեն այդ կտրոններից։ «Քուվեյթի կողմից հատկացված 100 000 դոլարը ոչ թե վերածվել է պարենի, և փորձ է արվել պարենը բաժանել, այլ կտրոնի կարգով «Երևան- Սիթի» խանութներից մարդիկ իրենք 20 000 դրամի իրենց գնումները կկատարեն»,- այսօր լրագրողներին ասաց ՀՀ սփ Հրանուշ Հակոբյանը։

Իսկ ինչու՞ հենց «Երեւան Սիթի» խանութների ցանցից պետք է օգտվեն սիրահայերը, եւ ինչու՞ նրանց չի տրամադրվում հենց գումարը: Այս հարցի պատասխանը հստակ չէ: 100 հազար դոլարի օգնության հավաստագիրը այսօր հանձնեց Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մոհամմեդ ալ Քաբանդին։ Թե ինչ ձևով կտրվի այդ օգնությունը, որոշել է ոչ թե Քուվեյթի Հանրապետությունը, այլ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող» ՀԿ-ն։ Հենց այս կազմակերպությանն էլ հանձնվեց հավաստագիրը։ «Քանի որ պետության կողմից օրենքի հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, և կմնան աշխատանքի և սնունդի հարցերը։ Դրա համար էլ այսպես որոշվեց»,- ասաց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող» ՀԿ նախագահ Լենա Հալաջյանը։

Կտրոնները կտրամադրվեն միայն այն սիրիահայերին, ովքեր հաշվառված են կազմակերպության կողմից։ «Ընտանիքներին կտանք 2 քարտ, որը 40000 դրամ է, իսկ անհատներին 20. հազար դրամանոց քարտ»,- ասաց տիկին Հալաջյանը։ Քուվեյթի դեսպանն ասում է՝ թեև սա առաջին օգնությունն է, որը Քուվեյթի Հանրապետությունը տրամադրում է սիրիահայերին, սակայն այն շարունակական կլինի։ 

Աղբյուրը` Ա1+

Հ.Գ. Ի դեպ, ուշագրավն այն է, որ Սփյուռքի նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ չի նշվում, թե կոնկրետ որ սուպերմարկետի մասին է խոսքը:  

 

Նախորդ հոդվածը‘Իրավապահները կոծկում են «Հիդրոապարատ»-ի ղեկավարության ապօրինությունները. բաժնետերեր’
Հաջորդ հոդվածը‘Կարմիր Խաչի Մխիկի դատավոր փեսայի նկատմամբ վարույթ են հարուցել. Մամուլ’