‘Սուրիկ Խաչատյանը մտադիր է Սյունիքի արոտավայրերը վարձով տալ Իրանին’

2025

«Որ ստորագրենք՝ կիմանաք, դեռ չենք ստորագրել»,- հավաստիացրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ ի պատասխան Հայաստանի և Իրանի գյուղատնտեսության ոլորտում ստորագրվելիք նոր համաձայնագրի մանրամասների մասին iLur.am-ի հարցին:

Հիշեցնենք, որ IRNA տեղեկատվական գործակալությունը հայտնել էր, որ համաձայնագիրը կստորագրվի Սյունիքի մարզպետի՝ Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգ կատարելիք այցի ընթացքում: Նոր համաձայնագրի համաձայն` Սյունիքի մարզը հինգ հազար գլուխ տավարի համար հինգ տարով վարձակալությամբ արոտավայր կտրամադրի Արևելյան Ադրբեջանին:

Ըստ հաղորդագրության՝ արոտավայրը վարձով տրամադրելու դիմաց Հայաստան կառաքվի գյուղատնտեսական տեխնիկա, որն արտադրվել է այդ նահանգում: Այդ մասին ասել է Իրանի գյուղատնտեսության նախարարության Արևելյան Ադրբեջան նահանգի հարցերով վարչության ղեկավար Մասուդ Մոհամմադիանը:

Այնինչ մեզ հետ զրույցում Սյունիքի մարզպետն ասաց, որ իրանական կողմն այդ արոտավայրերի դիմաց վճարելու է առձեռն:

«Չօգտագործվող տարածքները, արոտավայրերը, եթե օգտագործեն, ապա համայնքի բյուջեն կհարստանա, այսինքն՝ հողի վճար կտան»,- մանրամասնեց Սուրիկ Խաչատրյանը:

iLur.am-ի այն հարցին, թե արդյոք դրա վերաբերյալ կա՞ կառավարության համապատասխան որոշում, մարզպետը հավաստիացրեց, թե «առանց կառավարության ո՞նց կլինի»:

Երբ iLur.am-ի լրագրողը մի պահ ընդհատեց մարզպետին և փորձեց  ինչ-որ մանրամասն ճշտել, մարզպետը դժգոհեց.

«Ա՛յ անտակտ, առավոտ-առավոտ զանգել ես՝ ի՞նչ անես, զանգել ես, որ նեռվայնցնե՞ս…»

Իսկ երբ iLur.am-ի լրագրողը ճշտեց , որ մարզպետի աշխատանքային ժամն սկսվում է առավոտյան 9:00-ից, մինչդեռ հիմա ժամը 10:30 է, և ինքը, որպես պետական պաշտոնյա, պարտավոր է ավելի բարեկիրթ լինել և պատասխանել լրագրողի հարցերին, կամ էլ կարող է չպատասխանել, բայց այդ փաստը կնշվի հոդվածում,  մարզպետը հակադարձեց ՝ «Դե ուրեմն անջատի հեռախոսը ու էլ չզանգես», և ինքը անջատեց հեռախոսը:

iLur.am-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Զոյա Բարսեղյանն ասաց, որ չկա կառավարության որոշում՝ Իրանին Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալության տալու վերաբերյալ:

«Սյունիքի մարզպետն է ներկայացնելու որոշումը ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, իսկ նախարարությունն էլ կներկայացնի կառավարությանը:

Իրանի Ատրպատական նահանգը համգործակցում է Հայաստանի Արմավիրի և Սյունիքի մարզերի հետ, իրենք գործընկերներ են: Սյունիքի մարզում հիմնականում զարգացած է գյուղատնտեսության ոլորտը, իսկ այդ ոլորտում նախատեսում են իրականացնել տարբեր ծրագրեր, հիմա սա այդ ծրագրերից մեկն է»,- ասաց նա՝ նշելով, որ եթե լինի կառավարության որոշման նախագիծ, ապա միայն այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել պայմանների մասին:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի ՀՀՇ համագումարին’
Հաջորդ հոդվածը‘Յոհան Կրոյֆ. Մոուրինյոն վճարում է իր սխալ մարզչական քայլերի համար’