‘Վաղը Երևանում կկայանա Թուրքիայում հայերի դեմ բռնությունը դատապարտող բողոքի ցույց’

673

Փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականությունը դատապարտող բողոքի երթ: Երթուղին՝ Հանրապետության հրապարակ, ՄԱԿ-ի գրասենյակ, ԵՄ գրասենյակ:

Այդ առնչությամբ, հայտարարություն է տարածել «Երիտասարդ Դիվանագետների Ակումբ» հ/կ-ն, որտեղ նշվում է.

«Երիտասարդ Դիվանագետների Ակումբ» հ/կ-ն դատապարտում է Ստամբուլի Սամաթիա թաղամասում հայազգի կանանց նկատմամբ շարունակաբար իրականացվող հարձակումներն ու բռնությունները եւ խստորեն պահանջում Թուրքիայի իշխանություններից՝ ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունը, հետամուտ լինել վերոնշյալ հանցագործությունները բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործում: Նման վայրագությունները հատկապես սրում են իրավիճակը Ցեղասպանության 98-ամյակին ընդառաջ:

Թուրքական իշխանությունների լռությունը եւ կրավորական կեցվածքը պարարտ հող են ստեղծել այդ երկրում ատելության, անհանդուրժողականության ու ազգայնական տրամադրությունների աճի եւ հայության շրջանում վախի մթնոլորտի ձեւավորման համար:
Կոչ ենք անում ՄԱԿ-ին, ԵՄ-ին, ԵԽ-ին եւ մյուս բոլոր միջազգային կազմակերպություններին ու իրավապաշտպան կառույցներին` համարժեքորեն արձագանքել թուրքական իշխանությունների անգործությանը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ երկրում ազգայնական հողի վրա հետապնդումների ենթարկվող անձանց պաշտպանության հարցում:

Կոչ ենք անում ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպություններին, երիտասարդական կառույցներին, անհատներին միանալ Ստամբուլի միջադեպերը եւ ընդհանրապես Թուրքիայում՝ մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականությունը դատապարտող բողոքի երթին, որի ընթացքում բաց նամակ կհանձնվեն միջազգային կառույցների ներկայացուցիչներին»:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն անհանգստացած է Վրաստանում պատգամավորների հանդեպ կիրառված բռնությունների կապակցությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի կասկածանքով ձերբակալվածները բերվել են դատարան’