‘Վարդան Մինասյան. Մովսիսյանն իր իսկ հանդեպ պահանջկոտությունը քչացրել է’

725

Այս մասին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել է ArmFootball.com-ին տված հարցազրույցում, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Հավաքականը Չեխիայի դեմ հանդիպումից առաջ լուրջ կադրային խնդիրներ ունի: Եվ այն ֆուտբոլիստներն էլ, ովքեր հրավիրվել են փոխարինել հիմնական կազմի ֆուտբոլիստներին, հավաքականում հանդես գալու նվազագույն փորձ անգամ չունեն: Կամո Հովհաննիսյանը փետրվարին հավաքականի կազմում էր, իրեն վատ չդրսևորեց, բայց հետո գրեթե ոչ մի րոպե չխաղաց մինչ Լիտվայի դեմ խաղը: Միգուցե նրան տարվա ընթացքում խաղալու հնարավորությու՞ն էր անհրաժեշտ:

— Ճիշտն ասած դժվար էր ենթադրել, որ մենք այսպիսի կադրային խնդիրների կբախվենք՝ օրինակ երկու հենակետայինների բացակայությունը: Փետրվարին մենք երկու ընկերական հանդիպում կանցկացնենք ևս մեկ խաղ կխաղանք մարտ ամսին, և կարծում եմ, որ երեք խաղը բավական է, որպեսզի նրանք կարողանան հիմնական կազմին մոտ խաղ ցույց տալ ու դրանից հետ ընտրենք լավագույն տարբերակը:

Խոսենք դարպասապահների մասին: Մենք Դուբլինից «ժառանգված» տխուր փորձ ունենք, երբ անփորձ Արսեն Պետրոսյանը չկարողացավ Իռլանդիայի դեմ խաղում դրսևորել իրեն: Բայց այդ օրվանից ի վեր, բացի Մելիքսեթյանից, երիտասարդ դարպասապահներից ոչ ոք ընկերական խաղերում խաղաժամանակ չի ստացել: Հասկանալի է, որ Բերեզովսկին, ով որոշ ժամանակ իր թիմի կազմում տեղ չէր գտնում, ընկերական խաղերում ժամանակ էր պետք տալ, բայց ամեն դեպքում

— Հուսով եմ, որ Բերեզովսկին այժմ իր ակումբում ավելի հաճախ կխաղա: Գիտեք, որ հայկական թիմերում արտասահմանցի դարպասապահների հետ կապված խնդիր կար: Դա լուծվեց՝ արգելելով Հայաստանի առաջնությունում արտերկրացի դարպասապահների մասնակցությունը: Դա տալիս է իր արդյունքները: Ակումբներում երիտասարդ դարպասապահներ են հայտնվում: Ժամանակի խնդիր է: Բարեբախտաբար, հավաքականում այժմ դարպասապահի խնդիր չունենք: Կասպարովը նույնպես կայուն խաղ է ցուցադրում, և մենք նրան վստահում ենք:

Հայաստանի հավաքականում աստղային հիվանդությամբ տառապող ֆուտբոլիստներ կա՞ն:

— Ինձ հենց նոր ուղարկել են այդ հաղորդման տեսագրությունը, որտեղ ինձ նույն հարցն են տվել: Ամեն դեպքում ես, հավաքի ժամանակ ֆուտբոլիստների հետ շփվելով, այդպիսի բան չեմ տեսել: Մեր երկրում այսպիսի մի օրինաչափություն կա: Եթե ֆուտբոլիստը 1-2 խաղ իր հնարավորության սահմաններից ցածր է հանդես գալիս, խոսակցությունները սկսվում են: Լինում են պահեր, որ ֆուտբոլիստն ուղղակի լավ մարզավիճակում չէ: Հետո, հաշվի առեք, որ հավաքական են ժամանում շատ կարճ ժամանակով և հիմնականում նրանք իրենց ակումբներում են: Հնարավոր է, որ ինչ-որ կոնկրետ օր նրանց մոտ մի բան չստացվի: Ինձ համար ամենամեծ խնդիրը դա խաղալու ցանկության բացակայությունը կլիներ: Ցանկություն ես տեսնում եմ: Երբեք անհաջող կատարած փոխանցման համար ֆուտբոլիստներին չեմ կոպտի, իսկ սխալ կայացրած որոշման համար՝ կկոպտեմ:

Հոլանդացի Վերհեյենի հավաքականից հանկարծակի հեռանալը կապում են Մալթայում Յուրա Մովսիսյանի հետ կապված դեպքի հետ:

— Դա այդպես չէ: Դա ուղղակի միայն առիթ էր: Բայց հեռանալու պատճառը դա չէր: Ինչ վերաբերում է Վերհեյենի հեռանալուն դա իր անձնական որոշումն է եղել: Մի բան էլ: Նա հավաքականի հետ ժամկետային պայմանագիր չի ունեցել: Օրինակ, Հայաստանի բոլոր հավաքականների մարզիչները ֆեդերացիայի հետ մինչև 2013թ.-ի նոյեմբեր ամիսը պայմանագիր ունեն: Վերհեյենը աշխատում էր մոտակա հանդիպումների համար, այսինքն նա ժամանում էր մինչխաղային ուսումնամարզական հավաքին և թիմի հետ իր մեթոդիկայով պատրաստվում կոնկրետ հանդիպմանը:

Իսկ Բուլղարիայի հանդիպման ժամանակ ֆուտբոլիստների նյարդայնությունը ինչի՞ հետ էր կապված:

— Դա առանձնահատուկ խաղ էր: Ես ինքս, խոստովանում եմ, նման բանի առաջին անգամ էի բախվում: Որպեսզի մեր դեմ, ոչ ֆուտբոլային առումով, այդպես նախապատրաստվեին:

Վերադառնանք Մովսիսյանին: Դուք գո՞հ եք հավաքականում նրա ելույթներից, թե՞ որոշակի պահանջներ կան:

— Իհարկե կան: Անզեն աչքով էլ երևում է, որ նա իր իսկ հանդեպ պահանջկոտությունը քչացրել է: Միակ բանն այն է, որ նա մեծ ցանկությամբ է խաղում, խաղային որակներ ունի և հավաքականը նրա համար շատ կարևոր նշանակություն ունի: Միայն մի գործոն կա: Հավաքականում նրա ելույթների վրա ազդում է նրա` ակումբի համար խաղալը, այդտեղ ցուցադրած արդյունքները: Դա շարունակական գործընթաց է, նա չի կարող իր թիմի համար հենց այնպես խաղալ ու, հավաքական գալով, այլ մակարդակի խաղ ցուցադրել:

Պարադոքս է, բայց նա Ռուսաստանի առաջնության 13 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ:

— Ես Մովսիսյանի ներուժը շատ լավ գիտեմ: Ըստ իս` նա այդքան էլ լավ չի խաղում, որքան նախորդ մրցաշրջանում: Ես բազմիցս զրուցել եմ նրա հետ: Նրա` «Սպարտակ» տեղափոխությունը իր հետագա առաջընթացի համար շատ կարևոր խթան կարող է հանդիսանալ: Չպետք է մոռանանք, որ վնասվածքները նույնպես խանգարեցին լրիվ ուժով խաղալ:

Իսկ վնասվածքի հետ կապված խնդիրը լուծելի՞ է:

— Իհարկե, նա կբուժվի ու ամեն ինչ լավ կլինի: Որքանով տեղյակ եմ, Յուրան պետք է մեկներ բուժման: Պետք է նշեմ, որ նրա բացակայության պարագայում մեր հավաքականի հարձակման գծի հզորությունը թուլանում է, այնպես որ, նա մեզ համար, ինչպես մյուս ֆուտբոլիստները, շատ կարևոր խաղացող է:

Մովսիսյանը կարո՞ղ է միայն եզրափակողի դեր կատարել՝ պաշտպանների հետ մի գծի վրա՝ ինչպես Ինձագին:

— Նա այլ խաղաոճ ունի: Դժվար է արդեն կայացած ֆուտբոլիստի ոճը փոխել ու նրան նոր բաներ սովորեցնել: Նա տուգանային հրապարակի ֆուտբոլիստ չէ: Նա լավ տարածական արագություն ունի, ինչպես նաև կարող է շրջանցել վերջին պաշտպանին: Մովսիսյանը Ինձագիի ոճի ֆուտբոլիստ չէ:

 — Իսկ հավաքականի մթնոլորտը նախորդ տարվա համեմատ նու՞յնն է մնացել:

— Ոչ մի խնդիր չկա: Բոլոր մարզիչներն ու հավաքականի հետ առնչություն ունեցողները տեսնում են, որ այդ հարցում ամեն ինչ կարգին է: Հասկանում եմ, որ դա հայկական մտածելակերպի հետևանք է, եթե մի տեղ հավաքվում են 2 կամ ավելի հայ, ուրեմն միանգամից տարաձայնություններ պետք է լինեն, բոլորը իրենց գաղափարները ամենաճիշտն են համարում: Բարեբախտաբար, մեր հավաքականում այդպիսի բան չկա: Բոլորն էլ համախմբված են ու մեկ ուղղությամբ են մտածում:

Համաձա՞յն եք, որ անցնող տարում հավաքականի ֆուտբոլիստներից իրենց խաղով առավել աչքի ընկան Մխիթարյանն ու Օզբիլիզը:

— Գիտեք, ես անձնավորել չեմ սիրում: Իրոք, Հենրիխը մեծ առաջընթաց է գրանցել: Արազը սկզբում այդքան էլ լավ չէր դիտվում, բայց այժմ լիովին մերվել է: Ինչ վերաբերում է մյուսներին, ապա պետք է հաշվի առնենք, թե այս տարին նրանց համար ինչպես է դասավորվել:

Իսկ Ձեզ չի անհանգստացնու՞մ, որ Պիզզելլին «Կուբանում» հիմնական կազմում չի խաղում:

— Շատ է անհանգստացնում: Ոչ միայն նա: Ինձ համար իդեալական կլիներ, որ մեր բոլոր լեգիոներները մշտապես խաղային: Նույնիսկ եթե ոչ հիմնական կազմում, գոնե 20-30 րոպե խաղաժամանակ ունենային: Բայց դա մեզնից կախված չէ: Այստեղ նաև հակառակ իրավիճակը կա: Հենրիխի պարագայում կցանկանայի, որ նա մի փոքր քիչ խաղար: Քանի որ նրա վրա ծանրաբեռնվածությունը շատ մեծ է:

Վերջին հարցը կապված Չեխիայի հավաքականի դեմ խաղին: Այդ խաղից առաջ ի՞նչ կանխազգացումներ ու մտքեր ունեք:

— Առաջինը՝ լուծել խնդրահարույց դիրքերի հարցը, կապված որակազրկումների հետ, նպատակ դնել միայն հաղթանակ տանել: Կարևորը արդյունքն է, հետո նոր մնացածը:

Նախորդ հոդվածը‘Լուբյանսկայա հրապարակը շրջապատվել է ոստիկանության տասնյակ ավտոբուսներով’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնացին կանխիկացրել է խնայողությունները՝ ընտրություններին մասնակցելու համար’