‘Վարդենիսում կամրջի փլուզման հետևանքով առնվազն երեք մարդ զոհվել է’

1333

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի երկաթգծի կայարանի մոտ գտնվող 40 մ երկարությամբ և 4 մ բարձրությամբ կամուրջը փլուզվել է:

Այս պահին Վարդենիսի հրշեջ փրկարարական ջոկատի մեծ թվով աշխատակիցներ՝ քաղաքացիների օգնությամբ, փորձում են երկաթե ռելսերի տակից դուրս բերել վիրավորներին: Ճշտված է, որ կան զոհեր և վիրավորներ, սակայն վերջնական տվյալները պարզ կլինեն որոնողական աշխատանքները վերջացնելուց հետո:

15:30-ի սահմաններում, կամրջի փլատակների տակից փրկարարները դուրս բերեցին մահացած երկու տղամարդու դի: Ոստիկանությունը փորձում է պարզել մահացածների և վիրավորների ինքնությունը:

Ոստիկանությունն ու փրկարարները պարզել են մահացածներից երկուսի ինքնությունը: Նրանք են՝ Վարդենիս քաղաքի բնակիչ Վարուժան Սարգսյանը և Սևան քաղաքի բնակիչ Ներսիկ Մարտիրոսյանը: Մնացածների ինքնությունը պարզվում է: Նշենք, որ բոլորն էլ Վարդենիսի երկաթգծի աշխատակիցներ են:

Պարզվեց նաև, որ վիրավոր են նաև Վարդենիսի բնակիչներ Ռոբերտ Համբարձումյանը և Արգամ Անտոնյանը, որը ոտքերի կոտրվածք է ստացել: Նրան տեղափոխել են Վարդենիսի բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ Երևան: Մահացել է նաև Վարդենիսի բնակիչ Գագիկ Ավետիսյանը:

Ըստ shamshyan.com-ի

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Արման Բաբաջանյանին ուղեկցում են Վովա Գասպարյանի տրամադրած մեքենաները’
Հաջորդ հոդվածը‘Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի չորս հայաստանցի’