‘Վարչապետն ու Կաթողիկոսը թուրք ազգայնականի հետ «պատահաբար են» լուսանկարվել’

1539

Երեկվանից համացանցում տարածվում են թուրք գործիչ, իր ազգայնական հայացքներով հայտնի Հասան Օքթայի լուսանկարները` արված Հայաստանում: Ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման անդամ համարվող Օքթայը օրերս Հայաստան կատարած այցելությունից հետո մի շարք լուսանկարներ էր տեղադրել Ֆեյսբուքի իր էջում: Դրանցից մի քանիսում Օքթայը ձեռքով թուրք ազգայնականների նշանն է ցույց տալիս, իսկ որոշ լուսանկարներում պատկերված է հայաստանցի հայտնիների հետ: Օքթայի էջում լուսանկարների տակ հայտնվել են հիացական մեկնաբանություններ` «գրավում ենք Իրեւանը» եւ այլ նմանատիպ բովանդակությամբ:  

Առանձին ուշադրության են արժանացել Հասան Օքթայի համատեղ լուսանկարները վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ամենայն հայոց կաթողիկո Գարեգին Բ-ի հետ:

Վերջիններիս մամուլի խոսնակները լրատվամիջոցներին պարզաբանել են, թե ինչ հանգամանքներում են ՀՀ վարչապետը եւ ամենայն հայոց կաթողիկոսը լուսանկարվել թուրք ազգայնական գործչի հետ:

 Ուշագրավ է, որ թե Տիգրան Սարգսյանի, թե Գարեգին Երկրորդի խոսնակները միանման պարզաբանումներ են տվել:

 «Մայր Աթոռ սուրբ Էջմիածին մշտապես այցելում են և հայ ուխտավորներ, ինչպես Հայաստանի շրջանից, այնպես էլ սփյուռքից, ինչպես նաև բազում օտար հյուրեր, որոնք այցելում են Հայաստանի Հանրապետություն։ Եվ այդ իմաստով միշտ Մայր տաճարի շրջակայքում Վեհափառ հայրապետին հանդիպելիս՝ մարդիկ ցանկանում են լուսանկարվել Հայրապետի հետ, ինչին որ Վեհափառը երբեք չի մերժում և իր օրհնություն է շատ դեպքերում բաշխում հայ ուխտավորներին։ Հնարավոր է, որ նման խնդրանքով Վեհափառին մոտեցել են նաև օտարներ և այս անձը, որը լուսանկարվել է Վեհափառ հայրապետի հետ»,-Tert.am-ին ասել է Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամ քհն. Մելիքյանը` ընդգծելով, որ «Վեհափառ հայրապետն այդ անձին չի ճանաչում»։

Տիգրան Սարգսյանի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանն իր հերթին 168.am-ին տեղեկացրել է, որ Հայաստանում գտնվող Հասան Օքթայը միջոցառումներից մեկի ժամանակ խնդրել է վարչապետ Տիգրան Սարգսյանին նկարվել իր հետ: «Վարչապետը օրվա մեջ մասնակցում է տարբեր միջոցառումների և տարբեր միջոցառումների ժամանակ, ինչու չէ՝ նաև փողոցում, լինում են մարդիկ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ, ովքեր մոտենում են և խնդրում են լուսանկարվել վարչապետի հետ: Հասան Օքթայի հետ որպես այդպիսին հանդիպում չի եղել, պարզապես ինչ-որ միջոցառման ժամանակ նա մոտեցել ու խնդրել է նկարվել Տ. Սարգսյանի հետ. այդքան բան»,- նշել է վարչապետի խոսնակը: 

Նախորդ հոդվածը’50 ավել, 60 դույլ, պայքար մակաբույծների դեմ. ԱԱԽ-ի «աբսուրդ» ծախսերը ‘
Հաջորդ հոդվածը‘«Բերկուտին» չի հաջողվել քանդել բարիկադները Կիևի կենտրոնում’