’50 ավել, 60 դույլ, պայքար մակաբույծների դեմ. ԱԱԽ-ի «աբսուրդ» ծախսերը ‘

2053

ՀՀ ֆինանսների նախարարության Պետական գնումների պաշտոնական կայքը հրապարակել  է 2014 թ. համար ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին անհրաժեշտ գնումների ցանկը եւ պահանջվող ապրանքների քանակն ու գինը, որի հանրագումարը կազմում է 132 755 302 դրամ:

Այսպիսով՝ ցանկը բաժանված է երկու մասի՝ ապրանքներ եւ ծառայություններ: Ապրանքների համար նախատեսված ընդհանուր գումարը  կազմում է 18 554 502 դրամ: Ապրանքների ցանկը, առաջին հայացքից ՝ստեղծում է նոր բացվելիք կազմակերպության տպավորություն. թվում է՝ անհրաժեշտ պարագաները գնվելու են զրոյից: Հատկապես՝ եթե հաշվի առնենք , որ նախորդ տարիներին էլ ԱԱԽ-ն գրեթե նույնքան գումարներ է ծախսել պետբյուջեից՝ գրեթե նույն ապրանքների համար:

Մասնավորապես՝ Անվտանգության խորհուրդը խիստ կարիք է զգում դռան 30 հատ փականի, պլաստմասայից 60  դույլերի (երեւի նախորդ տարվա ընթացքում ձեռք բերած դույլերն արդեն հնացել են), ճիշտ  50 հատ (ոչ մի ավել պակաս) ավելի, առանց որի անհնար է շարունակել Արթուր Բաղդասարյանի գրասենյակի գործունեությունը:  Այսինքն, միջինը՝ ամսական 4,5 ավել է սպառվում ԱԱԽ շենքի մաքրության ընթացքում:

Այնուամենայնիվ, այս պարագայում «ամենաաբսուրդը» նախատեսվելիք ծառայությունների վճարներն են, որոնց հանրագումարը կազմում է 114 200 800 դրամ, այսինքն՝ ամսական  9 516 733 դրամ: «Աբսուրդը» ապացուցելու համար պետք է զուտ ուշադիր զննել նշված ծառայությունները եւ պահանջվելիք գները: Այսպիսով՝ տարածքի ողջ էլեկտրաէներգիայի համար հատկացվում է 14 474 300 դրամ: Վերջին 300 դրամով էլ, ըստ երևույթին, փորձում են ցույց տալ, թե ամեն մի «լուման» հաշվարկվում է:

Ավելին՝  մոտ 6 մլն դրամ ծախսվում է գնում չհանդիսացող այլ ծախսերի վրա, իսկ թե որոնք են այդ գնում չհանդիսացող այլ ծախսերը՝ հարցական է մնում. չկա որեւէ տեղեկություն այդ մասին: Բայց այս պարագայում «ամենաաբսուրդն» այն է, որ գնում չհանդիսացող այլ ծախսերը՝ միեւնույն անվանումով, գրված են երկու անգամ: Երկրորդը, ի տարբերություն առաջինի, կազմում է 16 365 000 դրամ: Իսկ թե նույն ծախսը ինչո՞ւ է երկու սյունակում գրված՝ որեւէ բացատրություն չի տրվում:

Քանի որ ԱԱԽ-ի տարածքը լի է բազմատեսակ մակաբույծներով, այդ իսկ պատճառով  51 300 դրամ նախատեսված է ծախսել քաղաքային կամ գյուղական վայրերում ախտահանման եւ մակաբույծների ոչնչացման ծառայությունների վրա, չնայած ակնհայտ է, որ «մակաբույծներին» լիովին վերացնելու համար 51 300 դրամն ակնհայտորեն չի բավարարի:

Այնուհետեւ՝ ավիատոմսեր գնելու համար հատկացվում է 26 մլն դրամ. Արթուր Բաղդասարյանն ու նրա աշխատակիցները ճամփորդելու հարցում պետք է չնեղվեն:

26 մլն-ը բաժանելով 12 ամիսների միջեւ՝ պարզ է դառնում, որ ամսական երկու միլիոն դրամից ավելի հատկացվում է թռիչքներին, այսինքն՝ ամենաքիչը 10 մարդ մեկ ամսվա ընթացքում մեկնում է արտասահման եւ ետ դառնում: Ավիատոմսերին հաջորդում են ներկայացուցչական, արարողակարգային ծառայությունները, որոնց համար բյուջեից հատկացվում է 22 մլն դրամ՝ առանց նշելու միջոցառումների տեսակները, դրանց հաճախականությունը, նպատակները եւ ամեն դետալի վրա ծախսվող գումարները: Հաշվարկները ցույց են տալիս, որ վերը նշված ծառայության համար օրական հատկացվում է 60 273 դրամ: Ստացվում է՝ միջին հաշվարկով Ազգային անվտանգության խորհուրդը բավականին մեծ հաճախականությամբ միջոցառումներ է կազմակերպում: Իսկ թե ինչ է շահում Հայաստանը՝ պետբյուջեից արվող այսքան ծախսերի դիմաց, միայն ԱԽՔ-ը գիտի:

Նշված «աբսուրդ» ցանկն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Եվ վերջում հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ է հանդիսանում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ բոլորին հայտնի ԱԽՔ-ը:

Մարիամ Մուրադյան

Նախորդ հոդվածը‘Մոսկովյան քննչական մեկուսարանում փաստաբանին բռնեցրել են իր պաշտպանյալի հետ սեքսով զբաղվելիս ‘
Հաջորդ հոդվածը‘Վարչապետն ու Կաթողիկոսը թուրք ազգայնականի հետ «պատահաբար են» լուսանկարվել’