‘Տաթևի ճոպանուղում մնացած 41 քաղաքացիները տարհանվել են’

820

Այսօր ժամը 16:12-ին տեղեկատվություն է ստացվել, որ «ՏաԹևեր» ճոպանուղու անվտանգության համակարգն ավտոմատ կերպով դադարեցրել է ճոպանուղու ընթացքը: Կազմակերպված տարհանում կատարելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր են մեկնել Գորիս քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ և Սյունիքի ՄՓՎ ՓՋ: Ձեռնարկված օպերտիվ գործողությունների շնորհիվ Ժամը 19:00-ի սահմաններում երկու խցիկներում գտնվող 41 ուղևորներ տարհանվել և տեղափոխվել են անվտանգ տարածք: Ուղևորներից 17-ը օտարերկրյա քաղաքացիներ են, 18-ը` կին և 7-ը` երեխա: 

Միաժամանակ դեպքիի վերաբերյալ հաղորդագրությամբ է հանդես եկել  «ՏաԹևեր» ճոպանուղու հասարակության հետ կապերի բաժինը: Հաղորդագրության մեջ մասնավորապես, նշվում է. ««ՏաԹևեր» ճոպանուղու երկու խցիկներից բոլոր ուղևորներն արդեն տարհանված են: Հիշեցնենք, որ այսօր` հոկտեմբերի 28-ին, ժամը 15:41-ին Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում եղանակային կտրուկ փոփոխությունների արդյունքում «ՏաԹևեր» ճոպանուղու անվտանգության համակարգն ավտոմատ դադարեցրել է ճոպանուղու ընթացքը: «ՏաԹևեր»-ի աշխատանքն ի սկզբանե այնպես է ծրագրավորված, որ եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում ճոպանուղու ընթացքն ավտոմատ դադարում է` ապահովելով ուղևորների անվտանգությունը: Այնուհետև ավտոմատ կերպով կարգաբերվում են բոլոր ռեժիմները, և շարունակվում է խցիկների ընթացքը:

Այսօր դադարի ժամանակ ճոպանուղու երկու խցիկները գտնվել են ընդամենը 18 մ բարձրության վրա: Խցիկների 41 ուղևորներին տարհանելու աշխատանքները կազմակերպված կերպով իրականացրել են «ՏաԹևեր»-ի բոլոր աշխատակիցները և ԱԻՆ փրկարարները:

ԱԻՆ աշխատակիցների և ՏաԹևեր»-ի` Շվեյցարիայում վերապատրաստված մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը նպաստեցին տարհանումն արագ և գրագետ իրականացնելուն: Այդ են վկայում տարհանված ուղևորների գոհունակության խոսքերը:

Օպերատիվ կարգով բոլոր ուղևորներին տրամադրվել է` ժամանակավոր կացարան, սնունդ, տեղում են ոստիկանության, շտապ օգնության աշխատակիցներ, հրավիրվել են նաև հոգեբաններ:

«ՏաԹևեր» ճոպանուղին տարեկան անվտանգության ստուգումներ է անցնում թե\’ տեղական, թե\’ արտասահմանյան համապատասխան ընկերությունների կողմից: Garaventa-Dopplemayr ավստրա-շվեյցարական ընկերության մասնագետների վերջին ստուգման ընթացքում ճոպանուղու բոլոր համակարգերը գնահատվել են գերազանց:

Այս միջադեպը և տարհանված ուղևորների գոհունակությունը վկայեցին, որ «ՏաԹևեր» ճոպանուղու անվտանգության համակարգերը և աշխտակիցների պատրաստվածությունը լիովին համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափնիշներին:

«ՏաԹևեր» ճոպանուղու ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Արտակարգ իրավիճակների նախարարությանը` փրկարարների արագ արձագանքի և օպերատիվ ու պրոֆեսիոնալ աշխատնքի համար, ինչպես նաև ոստիկանության ու շտապ օգնության աշխատակիցներին»:

 

 

 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» հաղթում է, Մեսին` նոր ռեկորդներ սահմանում’
Հաջորդ հոդվածը‘Չինական մշակույթը ներկայացվեց Գյումրիում ‘