‘
Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի 318 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն iLur.am-ի խնդրանքով ներկայացրեց քվեարկության ընթացքի մասին իր ունեցած ընդհանուր պատկերը:
«ՏԻՄ ընտրությունների ընթացքում որոշակի ահազանգեր են եղան ընտրախախտումների հետ կապված: Մասնավորապես եղել է ահազանգ կաշառման փորձի հետ կապված, Վարդենիսի հետ կապված որոշակի միջադեպ էր նկարագրվել, բայց սրանք մասնավոր դեպքեր են», — ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Ընդհանուր առմամբ, մնացած տեղամասերում շատ հանգիստ, նորմալ քվեարկությունն ընթանում է»,- նշեց նա:
Մեր հարցին, թե ընտրությունների նախնական արդյունքները երբ հայտնի կդառնան, Մուկուչյանն ասաց, որ կեսգիշերին մոտ արդեն հայտնի կլինեն փոքր տեղամասերի առաջին տվյալները:
«Կան համայնքներ, որտեղ միայն ավագանու անդամների ընտրություններ են, կան համայքներ որտեղ միայն համայքնի ղեկավարի ընտրություններ են: Կան փոքրաթիվ համայքներ, որտեղ ընտրողների թիվը 30-35-ից չի անցնում: Հասկանալի է, որ այդ համայքներից ստացված տվյալները շատ շուտ կմշակվեն եւ կհրապարակվեն: Իսկ, օրինակ, Աշտարակ քաղաքում ավագանու թեկնածուները 42-ն են: Դա ավելի մեծ աշխատանք է ենթադրում»,- ասաց Մուկուչյանը: Նա ավելացրեց նաեւ, որ առաջին անգամ ՏԻՄ ընտրությունների պատմության մեջ այս տարի ԿԸՀ-ն հնարավորություն ունի քվեարկության արդյունքները հրապարակել գրեթե օն-լայն ռեժիմով:
Հիշեցնենք, որ այսօր ՏԻՄ ընտրություններ են ընթանում Արագածոտնի, Գեղարքունիքի,Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 318 համայնքներում:
‘