‘Տիգրան Ուրիխանյան. Թող Մեծ Բրիտանիայի դեսպանը զբաղվի իր պարտականություններով ‘

1252

Կոռեկտ չեմ համարում ընդդիմադիր ուժերի անունից խոսել, չգիտեմ՝ դեսպանը «Բարգավաճ Հայաստանին» նկատի ունեցել է, թե ոչ, պետք է նրանից հարցնել: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի հայտարարությունները: Ուրիխանյանը չի կարծում, որ դեսպանը ԲՀԿ-ին էլ է նկատի ունեցել, որովհետև ԲՀԿ-ն երբևէ չի հայտարարել իր ընդդիմադիր լինելու մասին:

«Թող Մեծ Բրիտանիայի դեսպանը զբաղվի իր պարտականություններով և չմիջամտի մեր երկրի ներքին գործերին, մեր ներքին քաղաքականությանը: Ուզում էի նաև Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավարի ուշադրությունը հրավիրել դեսպանի աշխատանքային էթիկայի շեղումների առնչությամբ: Այս հարցով պետք է զբաղվեն իրենց երկրների գերատեսչությունները»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը երեկ իր բլոգում գրառում է արել, որում, մասնավորապես, նշում է. «Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրնե՞րը, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը, կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, որքան մենք ենք պատկերացնում»:

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայում ԵՄ-ից դուրս գալու հարցով կարող է հանրաքվե անցկացվել’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես են գոյատևում Վարդանիկի եղբոր առյուծները Գյումրու կենտրոնական այգում (ֆոտոշարք)’