‘Ինչպես են գոյատևում Վարդանիկի եղբոր առյուծները Գյումրու կենտրոնական այգում (ֆոտոշարք)’

1173

Արդեն երկու տարի է՝ Գյումրու Կենտրոնական այգում (Գորկու այգում) մի տնակի չափով վանդակում գոյատևում են էգ և արու առյուծները: Վանդակի նեղ պայմանները վերջին ամիսներին առյուծները ստիպված են կիսել իրենց երեք ձագերի հետ: Վայրի կենդանիները, բնակվելով ոչ կենդանական պայմաններում, կորցրել են իրենց բոլոր բնազդները. ամբողջ օրը նույն տեղում նստած զարմացած նայում են անցող-դարձողներին:

Կանաչ տնակի պահակները՝ մի ծեր կին և տղամարդ, չէին ուզում խոսել, ասելով որ կապ չունեն այս կենդանիների հետ, ուղղակի նայում են իրենց:

\"\"

Հետո պարզեցի, որ առյուծների հետ կապ ունեն «Օազիս» ռեստորանային համալիրի աշխատողները: Գյումրիում բոլորը գիտեն, որ ռեստորանը նախկին քաղքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքն է պատկանում: Ռեստորանի աշխատողներից մեկը` Մանվել Կարապետյանը, որոշեց պատասխանել բոլոր հարցերին կենդանիներին խնամող Գագիկի փոխարեն, որը տեղում չէր: Իրականում կենդանիները պատկանում են Գևորգ Ղուկասյանին՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորը: Մանվելի կարծիքով՝ տարածքը ընդհանրապես նեղություն չի տալիս, և կենդանիները իրենց շատ լավ են զգում: Նրանց կերակրում ու վանդակները մաքրում է Գագիկը: Կենդանիների վանդակը տաքացվում  է ծղոտով:  Վանդակը բաժանված է երկու մասի. մի հատվածում ապրում են էգ առյուծն ու ձագը, մյուսում՝ արու առյուծը:

\"\"

Մանվելի խոսքերով՝ առյուծները այդ վանդակներում երկար չեն մնա, նախագծերի մեջ կա, որ հենց այգու տարածքում գազանանոց կբացվի, որտեղ էլ կտեղափոխվեն առյուծները:

\"\"

Դեռևս երևակայելի գազանանոց են տեղափոխվելու նաև Սախարովի հրապարակում տեղակայված նույն վիճակում գտնվող գազանանոցի այլ բնակիչներ: Այս գազանանոցը ևս սեփականություն է և պատկանում է Ստեփան Վարդանյանին, որը 20 տարուց ավելի զբաղվում է այս գործով: Հարություն Վարդանյանը՝ տնօրենի որդին, ասում է, որ ուզում են, որ գազանանոցը մշտական բնույթ կրի, սակայն դրա համար անհրաժեշտ է ստանալ քաղաքապետարանի օժանդակությունը, որին դեռևս չեն դիմել: Եթե օժանդակություն չստանան, ապա գազանանոցը կդարձնեն շրջիկ, և կշրջեն Հայաստանի մարզերով` եկամուտ ստանալու ակնկալիքով:

\"\"

Կենդանաբանական այգու պահակը շատ վրդովված ասում է. «Վերջը երկրորդ քաղաքն է, բա մե հատմ գազանանոց չունենա՞նք, որ սաղ չերթան Երևանի գազանանոց»: Գյումրիում եկամուտ այնքան չեն ստանում, որ կարողանան հոգալ կենդանիների կարիքները, ամբողջի մասին հոգում են սեփականատերերը՝ իրենց անձնական միջոցներով: Այցելուներ շատ չկան. գինը բավականին մատչելի է՝ 500 դրամ, սակայն քիչ տեսակի կենդանիներ կան: Կենդանիները բերվել են Երևանի գազանանոցից, և շուտով շարքերը կհամալրվեն այլ կենդանատեսակներով, եթե իհարկե ունենան մշտական տարածք, և կարողանան հովանավորներ գտնել՝ կենդանաբանական այգին պահելու համար:

Սոնա Սիմոնյան

hetq.am


Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Թող Մեծ Բրիտանիայի դեսպանը զբաղվի իր պարտականություններով ‘
Հաջորդ հոդվածը‘«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորը դադարեցրել է հացադուլը’