‘Տիգրան Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքները’

1923

Վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստովանել է, որ Հայաստանում աղքատության իրական մակարդակն առնվազն երկու անգամ գերազանցում է պաշտոնապես հայտարարվածը:  «Այսօր ծայրահեղ աղքատության շեմը մոտ 20 հազար դրամ է, իսկ աղքատության շեմը` 30 հազարից մի քիչ ավել: Հասկանալի է, որ եթե մենք այս տվյալներով գնահատենք աղքատության ցուցանիշը Հայաստանում, ճշգրիտ պատկերը չենք ստանա: Եթե ավելի խիստ չափանիշներով գնահատենք` հաշվի առնելով ոչ միայն սննդի խնդիրը, այլեւ բարեկեցիկ կյանքի խնդիրը, ապա պարզ կդառնա, որ խոսքը ոչ թե 32 տոկոս աղքատության մասին է, այլ սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքների քանակն առնվազն երկու անգամ ավելի շատ է, քան 32,5 տոկոսը»,-հայտարարել է Սարգսյանն այսօր տված ընդարձակ ասուլիսի ժամանակ:

Ըստ Տիգրան Սարգսյանի, Հայաստանում աղքատությունը ծնող պատճառներն են աշխատատեղերի եւ մատչելի ու որակյալ կրթության պակասը:

Խոսելով աղքատության մակարդակի մասին՝ Տիգրան Սարգսյանը «իմիջիայլոց» հիշեցրել է, որ 1992-93թթ. Հայաստանում աղքատության մակարդակը հասել էր 94 տոկոսի: Կառավարության ղեկավարը, սակայն «մոռացել է» հիշատակել, որ այդ տարիներին Հայաստանը ծանրագույն պատերազմի եւ շրջափակման մեջ էր, Սպիտակի կործանարար երկրաշարժից անցել էր ընդամենը չորս-հինգ տարի,  Հայաստան էին ներգաղթել շուրջ 400 հազար փախստականներ Ադրբեջանից: Եւ որ չնայած այդ տարիներին մեկը մյուսին հետեւած ծանրագույն աղետներին՝ Հայաստանը ոչ միայն պատվով է դուրս եկել, այլեւ՝ արտաքին աշխարհի համար շարունակել է մնալ որպես վստահելի գործընկեր եւ հաղթել է պարտադրված պատերազմում, ինչի արդյունքում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզն է կարողացել դուրս գալ Ադրբեջանի կազմից, այլեւ ազատագրվել է Արցախի՝ ԼՂԻՄ վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքը: 

Տիգրան Սարգսյանը չի նշել նաեւ, որ աղքատությունը 32,5 տոկոսի է հասել հենց իր վարչապետության տարիներին` 2007-ի 26 տոկոսի փոխարեն:

Տիգրան Սարգսյանն ասուլիսի ժամանակ խոստովանել է նաեւ, որ Հայաստանում գոյություն ունեն օլիգոպոլիաներ: Նա այս դեպքում նույնպես չի մոռացել խոսքի մեջ նշել, թե այդ արատավոր երեւույթը Հայաստանում արմատավորվել է նույն 90-ականներին` Սովետական միության փլուզումից հետո: Սակայն, չգիտես ինչու, Տիգրան Սարգսյանը նորից մոռացել է բացել փակագծերը, եւ օրինակ այդ տարիները համեմատել ներկայի հետ, մոռացել է նշել, որ ի տարբերություն 90-ականների, այսօր մեծահարուստները բացառապես իշխանության մեջ գտնվող անձինք են, Սերժ Սարգսյանի եւ իր անմիջական շրջապատն, ու հենց իրենք՝ Սերժ եւ Տիգրան Սարգսյանները:

«Այո, նման խնդիր կա Հայաստանի Հանրապետությունում և դա մշտապես Կառավարության վերահսկողության տակ է: Մի կողմից նրանց առնչվող օրենքները պետք է խստացնենք, մյուս կողմից պետք է զարգացնենք ՓՄՁ-ները»,-ասել է վարչապետը: Վարչապետը չի ասել, որ ՓՄՁ-ներն իր կառավարման վեց տարիների ընթացքում միայն հետընթաց են ապրել. փոքր եւ միջին ձեռնարկությունների մի մասը, չդիմանալով իշխանությունների կողմից հովանավորվող մոնոպոլիաների հետ անառողջ մրցակցությանը` տարրալուծվել է դրանց մեջ, մի մասն էլ պարզապես դադարել է գոյություն ունենալ, որովհետեւ սեփականատերերն արտագաղթել են երկրից`իրենց լուման ներդնելով հայրենի կառավարության ղեկավարի երազանքի իրականացման մեջ, այն է` «չեզոքացնել երկրի հեղափոխական զանգվածը»:

Առաջ գնալով ինքնախոստովանական հայտարարությունների մեջ` Տիգրան Սարգսյանը հայտարարել է նաեւ, որ մինչեւ ֆինանսա-տնտեսական ճգնաժամը (հասկանալ` մինչեւ իր` կառավարության ղեկավարի պաշտոնն ստանձնելը) Հայաստանում տնտեսական փուչիկ է փչվել: Վարչապետը հավանաբար մոռացել է, որ մինչեւ ճգնաժամը ՀՀ-ում կառավարությունը ձեւավորում էր նույն կուսակցությանը, որի փոխնախագահն է այժմ Տիգրան Սարգսյանը: Հավանաբար մոռացել է նաեւ, որ իրենից առաջ կառավարությունը գլխավորում էր իր ներկայիս շեֆը` Սերժ Սարգսյանը: Տիգրան Սարգսյանը մոռացել է, որ ինքը, որպես այդ տարիներին ֆինասական գլխավոր կառույցի` ԿԲ նախագահ, իր անուրանալի ավանդն է ունեցել «ֆինանսատնտեսական փուչիկի փչման գործում»` այդ ընթացքում հաջողությամբ մսխելով Հայաստանի ոսկու պաշարները: Եւ ոչ միայն:  

Վարչապետը խոսել է նաեւ գազային պատմությունների մասին` նախ հայ-ռուսական գազային համաձայնագրերը հաջող գործարք է համարել, իսկ, անդրադառնալով Իրանից ավելի էժան գազ գնելու հավանականությանը, ԻԻՀ դեսպանի հայտարարություններն այս թեմայով որակել է որպես «դիվանագիտական վրիպակ»: Հիշեցնենք, որ Հայաստանում ԻԻՀ դեսպանները պարբերաբար նման «վրիպակներ» են թույլ տալիս արդեն մի քանի տարի շարունակ: Վերջին դեպքը այս ամսվա սկզբին էր, երբ Իրանի դեսպան Մուհամմադ Ռեիսին, ի հեճուկս էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի, հայտարարեց, որ Իրանը կարող է Հայաստանին գազ մատակարարել Ռուսաստանի առաջարկածից ցածր գնով:

Ինչ վերաբերվում է հայտնի օֆշորային սկանդալին, եւ դրանում իր մասնակցությանը, որն ի դեպ փաստերով այդպես էլ չի հերքվել, Տիգրան Սարգսյանը նորից ոչինչ չասող պատասխաններ է տվել՝ թերեւս մոռանալով, որ իրենց իշխանությանը վաղուց արդեն որեւէ մեկը չի հավատում եւ չի վստահում: Իսկ թե կոնկրետ ինչ մասնակցություն է ունեցել անձամբ ինքը ոչ միայն օֆշորային սկանդալում, այլեւ՝ մյուս մեքենայություններում, հերձումը հաստատ ցույց կտա: Իշխանափոխությունից հետո: 

Նախորդ հոդվածը‘Հարավային Սուդանին հումանիտար աղետ է սպառնում’
Հաջորդ հոդվածը‘2013-ի ամենատպավորիչ արտահայտությունները’