‘Տիգրան Սարգսյանի խոսքով` Carrefour-ն անպայման պետք է ներկայացված լինի Հայաստանում’

834

Հայաստանի Հանրապետության կառավարությունը շահագրգռված է Carrefour առևտրային ցանցի` հայաստանյան շուկա մուտք գործելու հարցում: «Արմենպրեսի» հաղորդմամբ` այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ հանդիպել է ֆրանսիական ընկերության ներկայացուցիչներին և քննարկել նրանց հետաքրքրող հարցերը ՀՀ-ում գործունեություն իրականացնելու, ծառայություններ մատուցելու վերաբերյալ:

«Հայաստանի կառավաությունը շահագրգռված է, որպեսզի Carrefour-ը ներկայացված լինի մեր շուկայում, մատուցի այն ծառայությունները, որոնք մատուցում է աշխարհով մեկ: Դա պարունակում է բազմաթիվ դրական երևույթներ, առաջին հերթին կարևոր է բնակչության համար, մրցակցային դաշտի, նոր տիպի ինստիտուտների, ենթակառուցվածքների ձևավորման, գյուղապրանքների գնումների, փաթեթավորման, հայկական ապրանքների արտահանման համար»,- ասաց ՀՀ վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով` Carrefour-ն անպայման պետք է ներկայացված լինի Հայաստանում, և ՀՀ իշխանություններն առաջարկել են, որպեսզի այդ ընկերությունը հնարավորին չափ արագ հայտնվի մեր շուկայում: ՀՀ վարչապետը տեղեկացրեց նաև, որ ավելի վաղ ֆրանսիական ընկերությունը հայաստանյան մասնավոր ընկերություններից մեկի հետ հիպերմարկետի բացման մտադրությունների մասին հուշագիր է ստորագրել, սակայն առաջացել են որոշակի խնդիրներ: «Այդ հարցում նրանք պետք է աշխատեն իրավական դաշտում և փորձեն գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ»,- ասաց Տիգրան Սարգսյանը` ավելացնելով, որ Carrefour-ի ներկայացուցիչները ՀՀ կառավարությանը հարկային դաշտի վերաբերյալ որևէ հարցով չեն դիմել:

«Պետական հատվածի հետ որևէ խոչընդոտ չկա, նրանք շնորհակալ են, որ կառավարությունն իրենց աջակացում է յուրաքանչյուր հարցում: Կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ֆրանսիական աշխարհահռչակ ընկերության համար ստեղծի նպաստավոր պայմաններ»,- ընդգծեց գործադիրի ղեկավարը:

Հիշեցնենք, որ մամուլում արդեն հրապարակումներ էին հայտնվել, այն մասին, որ պետական մակարդակով խոչընդոտվում է  Carrefour-ի հայտնվելը Հայաստանում: Տեղեկությունների համաձայն, օլիգարխները և իշխանությունն այդ հարցում արդեն հաջողության էին հասել՝ Carrefour-ը որոշել էր Հայաստանում գործունեություն չծավալել:

 

Նախորդ հոդվածը‘Առողջապահության նախարարությունը պարզաբանում է’
Հաջորդ հոդվածը‘Ինդոնեզիայի մայրաքաղաքը ջրասույզ է լինում’