‘ Տնօրենը՝ դասադուլավոր ուսանողին. «Դու այն վիճակում չես, որ ընկալես դասերը, գնա տուն»’

1212

iLur.am-ը խոսել է Ինֆորմատիկայի քոլեջի տնօրեն Աբրահամյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք քոլեջի տնօրինությունը հեռացրել է 3-րդ կուրսի ուսանող Հովհաննես Ղազարյանին՝ այսօրվա դասադուլին մասնակցելու պատճառով:

Տնօրենի խոսքով՝ այսօր առավոտյան, ժամը 9:00-ին, Հովհաննես Ղազարյանը մտել է առաջին կուրսի խմբեր և հայտարարություններ արել, թե այսօր դասեր չկան, դասադուլ է:

«Ես ու փոխտնօրեն Բաղդասարյանը կանչել ենք իրեն ու ասել՝ «դու այն վիճակում չես այսօր, որ ընկալես դասերը, գնա տուն»: Նա նույնիսկ նկատողություն չի ստացել, եթե  համարենք դա բանավոր նկատողություն, ապա՝ այո՛, սակայն չի եղել ոչ մի հրաման, զեկուցագիր՝ նկատողության, առավել ևս՝ հեռացման մասին»,- մանրամասնեց տնօրենը՝ շեշտելով, որ այդպիսի բաների համար իրենք չեն հեռացնում:

Աբրահամյանի պնդմամբ՝ նույնիսկ եթե երկրաշարժ լինի, ուսանողը իրավունք չունի մտնել լսարաններ և հայտարարությամբ հանդես գալ, քանի որ հայտարարություն անելու իրավունք ունեն տնօրենը կամ փոխտնօրենը:

Վերջում տնօրենը նկատեց, որ տղան լավ է սովորում, և եթե վաղը նա գա քոլեջ, ապա կարող է հանգիստ նստել դասի:

«Քոլեջը կուսակցականացված չէ, ես ինքս ոչ մի կուսակցության անդամ ոչ եղել եմ, ոչ էլ կամ: Եթե ուսանողը լավ է սովորում, ապա այլ բաների համար մենք չենք հեռացնում»,- եզրափակեց Ինֆորմատիկայի քոլեջի տնօրենը:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է հրապարակել իր և Սերժ Սարգսյանի զրույցի ձայնագրությունը’
Հաջորդ հոդվածը‘Հոլանդիայի առաջատարների հանդիպումն ավարտվել է սկանդալով. Տեսանյութ’